
Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2017 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական
օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական
գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական
գործունեությանը խոչընդոտելու փաստով:
2017 թվականի փետրվարի 28-ին «Asparez.am» լրատվամիջոցում տպագրված
«Դատական նիստի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը» վերտառությամբ
հոդվածը առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ և դատախազի
կողմից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարածքային բաժին` նյութեր
նախապատրաստելու համար:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալներով պարզվել է, որ 2017 թվականի
փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարանում հրապարակային դատական քննության ընթացքը, նիստը նախագահող
դատավորի թույլտվությամբ, լուսաբանվել է նաև «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա.
Ս.-ի կողմից: Նիստին ներկա գտնվող և դատավարության մասնակից չհանդիսացող Կ.
Ս.-ն, չցանկանալով որպեսզի դատական նիստի վերաբերյալ տեսանյութերը
հրապարակվեն, նախ հորդորել է «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ին
չլուսաբանել դատաքննության ընթացքը, ապա, մերժում ստանալով, նրա ձեռքից
խլել է ֆոտոխցիկը և դուրս եկել դատական նիստերի դահլիճից` այդ կերպ
դիտավորությամբ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական
գործունեությանը:
Կ. Ս.-ն լրագրող Ա. Ս.-ի ֆոտոխցիկը վերադարձրել է միայն դատական
կարգադրիչների միջամտության արդյունքում:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի
մարզային քննչական վարչությանը: