Նոր հարցում. քաղաքական որ ուժերին ձայն կտա հասարակությունը
Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ երկրի բնակչության համար առավել նկատելի է «Ծառուկյան» դաշինքի և Հայաստանի Հանրապետական կուսակցության գործունեությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը` ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: «Հարցման մասնակիցների 48 տոկոսն ասել է, որ ավելի շատ նկատում է «Ծառուկյան» դաշինքի գործունեությունը, 44 տոկոսի համար նկատելի է իշխող Հանրապետական կուսակցության գործունեությունը»,- նշեց Ֆյոդորովը:
Հարցվածների 14 տոկոսի համար նկատելի է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ակտիվությունը, 13 տոկոսի համար` «Ելք» դաշինքի գործունեությունը: «Այսպես ասած՝ երրորդ խմբի մեջ մտնում են ընտրություններին մասնակից մյուս քաղաքական ուժերը, որոնց գործունեությունը նկատելի է հարցվածների 2-7 տոկոսի մոտ»,- հավելեց Ֆյոդորովը:
Հարցման մասնակիցների 51 տոկոսն ուսումնասիրել է «Ծառուկյան» դաշինքի քարոզչական նյութերը, 37 տոկոսը` ՀՀԿ-ի քարոզչական նյութերը, 26 տոկոսը` «Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նյութերը, 20 տոկոսը` «Ելք» դաշինքի նյութերը, 21 տոկոսը` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նյութերը: «Ահա սա քարոզչության առումով լիդերների հնգյակն է, իսկ մնացած քաղաքական ուժերի քարոզչական նյութերը տեսել են հարցվածների 14-17 տոկոսը»,- ասաց սոցիոլոգիական հարցումն իրականացրած կենտրոնի գլխավոր տնօրենը:
Հարցվածների 40 տոկոսը նշել է, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական և քարոզչական նյութերը իրենց համար հիմք են դաշինքի օգտին քվեարկելու համար: Իշխոս Հանրապետական կուսակցության քարոզչական և նախընտրական նյութերի համար կուսակցությանը ձայն տալու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 19 տոկոսը, իսկ մնացած կուսակցությունների ծրագրերին հավանություն են տվել հարցվածների 6-11 տոկոսը:
Կենտրոնը փորձել է պարզել, թե հարցման մասնակիցները ինչ-ինչ պայմանների առկայության դեպքում դիտարկո՞ւմ են առաջադրված այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու հնարավորությունը:
Հարցման մասնակիցների 69 տոկոսը հայտնել է, որ հավանական է համարում, որ կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի օգտին, իսկ 24 տոկոսը` ոչ մի դեպքում չի քվեարկի դաշինքի օգտին: 49 տոկոսը հավանական է համարել, որ կքվեարկի իշխող Հանրապետական կուսակցության օգտին, 44 տոկոսը` ոչ մի պարագայում կուսակցության օգտին չի քվեարկի: Բոլոր մնացած քաղաքական ուժերի դեպքում հարաբերակցությունը շատ ավելի վատն է, քան առաջին երկուսի դեպքում:
«Օրինակ, միայն 22 տոկոսն է հավանական համարում «Ելք» դաշինքի օգտին քվեարկելը, իսկ 65 տոկոսն ասում է, որ ոչ մի դեպքում չի քվեարկելու դաշինքի օգտին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկիանյան» դաշինքի օգտին քվեարկությունը հավանական է համարել 22 տոկոսը, 70 տոկոսը բացառել է նման հնարավորությունը: ՀՅԴ-ի օգտին քվեարկությունը հավանական է համարել 21 տոկոսը, 70 տոկոսը բացառել է»,- ասաց Վալերի Ֆյոդորովը:
Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ: