Քաղաքական որ ուժերը կլինեն խորհրդարանում

Հայաստանում բնակչության մեծամասնությունը վստահ է, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների արդյունքներով խորհրդարանում միանշանակ տեղ կունենան «Ծառուկյան» դաշինքը և իշխող Հանրապետական կուսակցությունը: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը` ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: «Մեր հարցման մասնակիցների 79 տոկոսը կարծում է, որ այս երկու քաղաքական ուժերը միանշանակ խորհրդարանում տեղ կունենան: Հարցվածների 26-28 տոկոսն էլ այն կարծիքին է, որ խորհրդարանում տեղ կունենան ՀՅԴ-ն ու Կոնգրես-ՀԺԿ դաշինքը»,- հաղորդմամբ` նշեց Ֆյոդորովը:

Հարցվածների  6 տոկոսը կարծիք է հայտնել, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում տեղ կունենան Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, 7 տոկոսը` «Ազատ դեմոկրատներ»-ը: Հարցվածների 17 տոկոսը կարծում է, որ ԱԺ-ում տեղ կունենա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, 17 տոկոսը` «Ելք»-ը, 18 տոկոսը` «Հայկական վերածնունդ»-ը»:

Վալերի Ֆյոդորովը հավելեց, որ այս պարագայում միայն երկու քաղաքական ուժեր են 100 տոկոսով ապահովել իրենց տեղն ապագա խորհրդարանում, իսկ մնացած քաղաքական ուժերն այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատեն:

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, հարցման մասնակիցների 27 տոկոսն ասել է, որ քվեարկելու է «Ծառուկյան», 21 տոկոսը` Հայաստանի Հանրապետական կուսակցության, 3 տոկոսը` «Ելք» դաշինքի, 3 տոկոսը` ՀՅԴ-ի, 2 տոկոսը` «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին:  Մնացած 4 քաղաքական ուժերի` Հայաստանի Կոմունիստական կուսակցության, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն են հայտնել հարցվածների 1-ական տոկոսը:

Հարցվածների 13 տոկոսն էլ ասել է, որ գիտի, թե որ քաղաքական ուժի օգտին է քվեարկելու, սակայն հրաժարվել է խոսել այդ մասին: Հարցման  մասնակիցներ 79 տոկոսը, ովքեր պատասխանել են, որ կողմնորոշվել են, թե որ քաղաքական ուժին են ընտրելու, ասել են, որ իրենց որոշումը վերջնական և փոփոխման ենթակա չէ:

Վալերի Ֆյոդորովը նաև ընդգծեց, որ «Ծառուկյան դաշինքի» օգտին քվեարկելու պատրաստակամություն են հայտնել հիմնականում այն անձինք, ովքեր դժգոհ են երկրում տիրող իրավիճակից, չեն ողջունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը: «Ծառուկյան» դաշինքի կողմնակիցները հիմնականում երիտասարդներն են: ՀՀԿ-ի կողմնակիցներն այն անձինք են, ովքեր գոհ են երկրում տիրող իրավիճակից և ողջունում են Նախագահ Սարգսյանի քաղաքականությունը:

Ամփոփելով հարցման արդյունքները Վալերի Ֆյոդորովը նշեց, որ ՀՀԿ-ն և «Ծառուկյան դաշինքը»  ՀՀ ապագա խորհրդարանում միանշանակ տեղ ունենալու են: Խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի ևս երեք քաղաքական ուժ` ՀՅԴ-ն, «Ելք» դաշինքը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Կենտրոնի գնահատականներով` մնացած քաղաքական ուժերը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ շեմը հաղթահարելու շանսեր չունեն:

Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս