««Եղբորս ընկերոջ խաթեր», «մեր քուչի Ծգլիկը լավ տղա ա» սկզբունքի բերումով՝ ընտրություններին ուրիշ գործընթաց է գնում». Նիկոլ Փաշինյան
«Նման էժան քայլերով մեր նախընտրական տրամադրությունը չեն կարող փչացնել, կարծում եմ՝ նման քայլերն ավելի մեծ համակրանք են առաջացնում մեր նկատմամբ և հակակրանք՝ դա իրականացնողների նկատմամբ, որը մոտավորապես գիտենք՝ ինչ շրջանակներից կարող է լինել»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցող հանդիպումների շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ամեն հաջորդ օր իրենք քարոզարշավը սկսում են ավելի բարձր տրամադրությամբ, որովհետև զգում են հայրենակիցների աջակցությունը. «Հանդիպումների ժամանակ մարդիկ համակրանք, աջակցություն, զորակցություն են հայտնում, բայց հետո՝ ընտրություններից առաջ, ընտրակաշառքի բերումով, «եղբորս ընկերոջ խաթեր» սկզբունքի բերումով, «մեր քուչի Ծգլիկը լավ տղա ա» սկզբունքի բերումով՝ ուրիշ գործընթաց է գնում: Մեր ուղերձը հստակ է, մենք ելք ենք առաջարկում: Եթե ձեր քաղաքական միտքն այն է, ինչ մեզ ասում եք փողոցներում, ուրեմն՝ պետք է մեր օգտին քվեարկեք, եթե չեք քվեարկում, այդ խոսակցությունը որևէ իմաստ չունի: Ավելի լավ է՝ դուք այդ խոսակցությամբ գնաք Շարմազանովի, Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի մոտ»:
Ն. Փաշինյանի խոսքով՝ քաղաքացին գնալու է մտնի ընտրատեղամաս՝ քվեարկի, ընտրախցիկում ինքը միայնակ է, կարող է կայացնել իր որոշումը. «Ես բախվել եմ ընտրակաշառքի դեպքերի, երբ մենք ահազանգով մտել ենք, տեսել ենք՝ քաղաքացին ընտրակաշառք բերողի համար միրգ է կտրտել, կոնֆետը, թխվածքը, սուրճը, նույնիսկ կոմպոտ են բացել, հատիկներն առանձնացրել են, դրել ափսեի մեջ: Այսինքն՝ նրանց հետ քաղաքական գործընկերության մեջ են մտել: Հետո այդ քաղաքացին մեզ փողոցում տեսնում, ասում է՝ «բա էս երկիրը ե՞րբ է փոխվելու». այն ժամանակ, երբ դուք այդ կոմպոտը չբացեք»:
Անդրադառնալով նրան, թե արդյոք որևէ խորհուրդ կա՞ նրա մեջ, որ իրենք Մալաթիայում քարոզարշավը սկսել են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղի մոտից, Ն. Փաշինյանը ծիծաղեց՝ ասելով, որ դա պատահականություն է:
Մանրամասները՝ 168.am-տեսանյութում: