Քարոզչական գրոհ թիվ 1 ընտրատարածքում

Անցյալ կիրակի մեկնարկեց Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը: 9 կուսակցություն և դաշինք ու 1500-ից ավելի ռեյտինգային թեկնածուներ մտել են մրցապայքարի մեջ: Ըստ էության, ընտրությունների ելքն ինչ-որ չափով արդեն կանխորոշված է: Ներքաղաքական ստեղծված իրավիճակում ընտրությունների հիմնական ինտրիգներից, ինչպես և սպասվում էր, մնում է հանրապետականների միջև ծավալված մրցակցությունը: Նման ինտրիգային տեղամասերից է Երևանի թիվ 1 ընտրատարածքը, որտեղ «կատաղի» պայքար է ծավալվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Միհրան Պողոսյանի միջև:

Իհարկե, Տարոն Մարգարյանն ուղղակիորեն այդ ընտրատարածքի ռեյտինգային ցուցակում ներգրավված չէ, ՀՀԿ ցուցակի պատվավոր երկրորդ հորիզոնականում է, սակայն բոլորին էլ պարզ է, որ առանց Տարոն Մարգարյանի հովանավորչության՝ նրա աներձագ Ռոբերտ Սարգսյանը դժվար թե ձայներ ստանա: Բացի այդ, այս տարիներին Ռ. Սարգսյանին նույնիսկ խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներն ավելի շատ կաբինետում նստած ուղերձ կարդալիս են տեսել, քան բնակիչների հետ ակտիվ շփումներ ունենալիս կամ որևէ հարց բարձրաձայնելիս:

Հիշեցնենք, որ նույն պատկերն էր նաև խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր դարձած՝ Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը բավական ուշագրավ հայտարարություն էր արել yerkir.am-ի հետ զրույցում, երբ լրագրողը նկատել էր, որ նա ընտրությանը կարծես թե քարոզարշավ չի իրականացրել: «Իսկ ինչի՞, լրագրողները պարտադիր տեղյա՞կ պետք է լինեին իմ քարոզարշավից: Ես քարոզարշավ արել եմ ՀՀԿ գրասենյակներում, շտաբներում, կենտրոնական գրասենյակներում»,- ասել էր նա:

Այսինքն՝ նա քարոզարշավ էր իրականացրել կուսակիցների շրջանում, քանի որ մտահոգություն է ունեցել, որ ՀՀԿ-ականներն էլ իրեն ձայն չեն տա, ուր մնաց՝ այլ քաղաքացիները:
Այս ընթացքում ակտիվ քարոզչություն է իրականացնում Միհրան Պողոսյանը:

Լավ գիտակցելով թիմի ներսում իր  հավանական մրցակիցների նկատմամբ ունեցած առավելությունը, այնուամենայնիվ, անցել է գրոհի, ակտիվ հանդիպումներ է ունենում ընտրողների հետ` բակային ձևաչափից սկսած՝ մինչև մարդաշատ հանրահավաքներ ու դահլիճային միջոցառումներ: Այդ հանդիպումները բավականին թեժ են անցնում, հնչում են նաև պրովոկացիոն և չափազանց սուր հարցադրումներ:   Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուները ևս շատ ակտիվ չեն իրենց հանդիպումներում:

 

Տեսանյութեր

Լրահոս