Ինչո՞ւ են որոշել մասնակցել ընտրություններին. հարցում
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների 98 տոկոսը հայտնել է, որ տեղյակ է երկրում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Այսօր կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը լրագրողներին ներկայացրեց հարցման արդյունքները:
«Հարցման մասնակիցների 72 տոկոսը մեզ հայտնել է, որ հաստատ մտադիր է մասնակցել առաջիկ ա ընտրություններին: Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մի փոքր ավելի մեծ է Երևանում, սակայն մարզերում էլ հետաքրքրությունը բավականին մեծ է»,- նշեց Ֆյոդորովը:
Հարցին` ինչո՞ւ են որոշել մասնակցել ընտրություններին` հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ դա իր քաղաքական պարտականությունն է և իրավունքը:
«Հաջորդ արգումենտն այն է, որ ցանկանում են օգնել այն կուսակցությանը, որին հավատում են: Հարցվածների մի մասն էլ նշել է, որ փոփոխություններ է ցանկանում, դրա համար մասնակցելու է ընտրություններին, իսկ մի մասն էլ նշել է, որ մասնակցելու է ընտրություններին, քանի որ չի ցանկանում, որ ինչ-որ մեկը իր փոխարեն քվեարկի: Հարցվածներից ոմանք էլ ասել են, որ ընտրություններին մասնակցում են, քանի որ ցանկանում են նպաստել երկրի զարգացմանը»,- նշեց Վալերի Ֆյոդորովը:
Նրանք, ովքեր ասել են, որ չեն մասնակցելու ընտրություններին, որպես պատճառ նշել են այն հանգամանքը,վ որ կորցրել են հավատն ու հույսը ընտրությունների նկատմամբ:
«Հարցվածների մի մասն ասել է, որ այդ օրն այլ ծրագրեր ունի և չի կարող մասնակցել ընտրություններին: Հարցման մասնակիցների մի մասն ասել է, որ ընդհանրապես չի հավատում, որ ընտրությունների միջոցով կարելի է փոփոխությունների հասնել, մի մասն էլ ընդգծել է, որ ընտրություններին չի մասնակցում, քանի որ առաջադրվածների մեջ իր համար նախընտրելի քաղաքական ուժ չկա»,- ասաց Վալերի Ֆյոդորովը:
Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ: