
Հայաստանում նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները

Հայաստանում 2017 թվականի հունվարին գրանցվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 62 դեպք: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել են վերոնշյալ հանցագործության 80 դեպք, ինչը նշանակում է, որ այս տարվա հունվարին դրանց նման տեսակի հանցագործությունների դեպքերը 18-ով նվազել են:
2017 թվականի հունվարին ընդհանուր տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններից 6-ը եղել են կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը: 2016 թվականի հունվարին դրանց թիվը կազմում էր 58, ինչը նշանակում է, որ դրանք կրճատվել են 52-ով:
Այս տարվա հունվարին տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը կազմել է 56՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 34-ով:
Հատկանշական է, որ Հայաստանում 2017 թվականի հունվարին հանցագործությունների ընդհանուր քանակից կոռուպցիոն բնույթի են համարվել 63-ը, իսկ նախորդ տարվա հունվարին՝ 42-ը: