«Այս բացասական երևույթին պետք է դեմ արտահայտվենք». Արծվիկ Մինասյան
«Կարծում եմ՝ այդ հարցն արդեն արդիական չէ, մանավանդ որ, մնացել է ընդամենը 23 օր։ Ժողովրդավարական հարցերով զբաղվող համապատասխան միջազգային կազմակերպությունների տեսակետից ևս դա ճիշտ չի գնահատվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ցուցակով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք օրակագից դո՞ւրս է Ազգային ժողովի ընտրությունների օրը փոխելու հարցը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ռեյտինգային քվեարկությունը շփոթ է առաջացրել քաղաքացիների շրջանում, որոնց մի մասը չի գիտակցում, որ թեկնածուին ձայն տալով՝ ձայն է տալիս կուսակցությանը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է եղել ռեյտինգային քվեարկությանը՝ ամբողջ հանրապետությունով մեկ քվեարկվող թեկնածուների համար։
«Տարածքային ցուցակներով առաջադրումը եղել է այն կոմպրոմիսը, որ կառավարման խորհրդարանական համակարգը և համամասնական համակարգը դրվի։ Անշուշտ, հնարավոր է, որ ընթացքում որոշակի դժվարություններ, խնդիրներ առաջանան՝ տարածքային ցուցակներով քվեարկության անձնավորվածության հետ կապված։ Բայց բոլորը պետք է գիտակցեն, և մեր պարտքն է՝ բոլորին բացատրել, ներկայացնել, որ ընտրելով անձին՝ ընտրում ենք այն քաղաքական ուժին, որը պետք է իշխանություն ձևավորի, կամ որը պետք է ներկայացված լինի պառլամենտում, իսկ պառլամենտը բարձրագույն իշխանության այն միակ մարմինն է, որը երկրում 5 տարիների ընթացքում կառավարում է իրականացնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց, որ ցանկացած ընտրախախտումների դեմ պետք է արտահայտվեն բոլորը՝ անկախ նրանից՝ դա իրականացվում է իշխող ուժի, դրա հետ համագործակցող քաղաքական ուժի, կամ, առանձին դեպքերում, ընդդիմադիր ուժերի կողմից։
«Այս բացասական երևույթին պետք է դեմ արտահայտվենք և փորձենք գործադրել բոլոր ջանքերը՝ դեպքերը հնարավորինս նվազեցնելու համար։ Բնականաբար, ցանկալի է վերացնել այդպիսի դրսևորումները»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Հարցին՝ արդյոք համաձա՞յն է այն գնահատականին, որ սա քսակների և զոռբայության մթնոլորտում ընտրություն է լինելու, Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ ոչ այնքան.
«Ինչո՞ւ. որովհետև ես՝ լինելով նախարար, կառավարության անդամ, առաջադրվել եմ նաև տարածքային ցանկում և իմ ընտրապայքարը տանում եմ գաղափարախոսության, իրականացվող և իրականացվելիք ծրագրերի վրա։ Եթե ես այս պահին իրավիճակն այդպես գնահատեի, պայքարի մեջ չպիտի մտնեի»։ Հարցին, թե քարոզարշավի ընթացքում ընտրողների մոտ ինչ տրամադրություն է նկատում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ ամենատարբեր.
«Սկսած հիասթափությունից, ավարտված՝ ոգևորությամբ։ Այնպես չէ, որ բոլորը պետք է միևնույն կերպ մտածեն։ Դա առնվազն չի խոսում բազմակարծության մթնոլորտի մասին։ Բայց եթե մենք բոլորս՝ ձեզ հետ միասին, կարողանանք ապահովել անհրաժեշտ միջավայրը, թափանցիկությունը, բազմակարծության հնարավորությունը, վստահ եմ, որ ընտրողներն այս 22 օրերի ընթացքում լիարժեք պատկերացում կունենան քաղաքական ուժերի, նրանց ծրագրերի և ապագա անելիքների մասին։ Բնականաբար, իրենց վստահությամբ էլ կձևավորեն բարձրագույն իշխանության այն մարմինը, որ բոլորիս կյանքում պետք է դրական փոփոխություններ անի»։