Բաժիններ՝

Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ Արծվիկ Մինասյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիր մարմնի նիստի ընթացքում հանձնարականներ տվեց փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ:

Վարչապետն ասաց, որ ՀՀ-ն, կարևորելով շրջակա միջավայրի պաշտպանությունը և վերականգվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը, քայլեր է կատարում՝ խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին, ներգրավելով ցածր դրույքաչափով վարկային միջոցներ և այլն:

«Սակայն օրենսդրական, տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա:

Այս խնդիրները համակարգելու համար ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում առաջինը՝ սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ կառավարության՝ ավելի վաղ ընդունած որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները:

«Երրորդ՝ համագործակցելով գյուղատնտեսության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ՝ հստակեցնել գետերի ցանկը, որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններից ելնելով՝ արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը:

Չորրորդ՝ համագործակցելով գիտությունների ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և ստանդարտների ազգային ինստիտուտի հետ՝ մշակել ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր:

Հինգերորդ՝ հաշվի առնելով միջազգային փորձը՝ ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարելով երկամսյա ժամկետում, համագործակցելով գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ՊԵԿ-ի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մշակել լրացուցիչ խթանման գործիքներ՝ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա ՀԷկ-երի կառուցման համար, ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկրաէներգիայի մատակարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները, վերհանել առկա խնդիրները:

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել գործող և կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում շահագործողի միջոցներով, հնարավորության դեպքում նաև դրամաշնորհների ներգրավման, ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվության փոխանցման համակարգի ներդրման հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս