Բաժիններ՝

Թրամփի նախկին սկանդալային օգնական Մայքլ Ֆլինը գրանցվել է որպես Թուրքիայի շահերի լոբբիստ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես լոբբիստ, որը պաշտպանելու է Թուրքիայի շահերը, հայտնում է Associated Press-ը։

Ֆլինը ավարտել էր Թուրքիայի շահերի լոբբինգտ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները, իսկ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո պարտավորվել էր գործընկերների հետ չգործել օտարերկրյա իշխանությունների շահերից ելնելով, բացատրում է գործակալությունը։

Գործակալության տվյալով՝ Ֆլինի փաստաբանը երեքշաբթի օրը ԱՄՆ արդարադատության նախարարություն է ուղարկել փաստաթղթեր, որոնց համաձայն՝ նա ինքնակամ գրանցվել է որպես լոբբիստ։

Ֆլինը լքել է խորհրդականի իր պաշտոնն այն բանից հետո, երբ պարզվել է, որ սխալ տեղեկություն է տրամադրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և Սպիտակ տան մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր խոսակցությունների մասին։

«Ես անզգուշաբար ոչ լիարժեք տեղեկատվություն եմ տրամադրել նորընտիր փոխնախագահին և մյուսներին Ռուսաստանի դեսպանի հետ իմ շփումների վերաբերյալ։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրել պետության ղեկավարից և փոխնախագահից, և նրանք ընդունել են իմ ներողությունները»,- ասվում է Ֆլինի նամակում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախազգուշացրել էր Թրամփի վարչակազմին հունվարին, որ Ֆլինը մոլորության մեջ է գցել պաշտոնատար անձանց մասնավորապես ռուս դեսպանի հետ իր շփումների վերաբերյալ և որ նա «պոտենցյալ խոցելի է շանտաժի համար Ռուսաստանի կողմից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս