Մամեդյարովը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջնահերթություն է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։
Մամեդյարովի խոսքով՝ հակամարտության կարգավորումը տարածաշրջանի զարգացման հիմնական խոչընդոտն է։
«Արդեն մոտ 30 տարի Ադրբեջանը և Հայաստանը երես առ երես են գտնվում այդ խնդրին։ Երեկ մենք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները։ Դա քննարկում ենք ենք ոչ միայն մենք՝ նախարարներս, այլև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները»,- ասել է Մամեդյարովը։
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար «Հայաստանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի»։
Նա դարձյալ հայտարարել է, որ հայ զինծառայողները պետք է վերադառնան զորանոցներ։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում լարվածության մասին՝ Մամեդյարովը ասել է, որ ադրբեջանական կողմը համաձայն է մոնիթորինգ անցկացնել հակամարտ զորքերի շփման գծում։
«Ասում են՝ եկեք միջադեպերի հետաքննության մոնիթորինգ անցկացնենք շփման գծում, ինչին մենք տալիս ենք համաձայնություն։ Սակայն դա պետք է լինի մեծ պլանի բաղկացուցիչ մաս»,- հայտարարել է Մամեդյարովը։