Բաժիններ՝

Հանդիսատեսը վայելեց «Վարպետները կերտում են վարպետներ» պատանի երաժիշտների սիմֆոնիկ համերգը

Մարտի 6-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների առաջին սիմֆոնիկ համերգը: Համերգը կրում էր «Վարպետները կերտում են վարպետներ» խորագիրը և, չնայած երաժիշտ-կատարողների երիտասարդ տարիքին, հանդիսատեսին իսկապես ներկայացվեց «վարպետին» վայել բարդ և հագեցված համերգային ծրագիր:

Հնչեցին Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի և  Ռախմանինովի ստեղծագործությունները: Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը վայելեց յուրաքանչյուր կատարում, ինչի վկայությունն արտահայտված հիացմունքն էր և  չդադարող ծափերը: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ ունեցան նան Անի Աթայանը /դաշնամուր/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/, Արթուր Գրիգորյանը /դաշնամուր/,  Պոլինա Շարաֆյանը /ջութակ/, Անդրեյ Կուրբետը /դաշնամուր/ և Խաչիկ Անդրեասյանը /դաշնամուր/: Բեմում էր նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/: Համերգի դիրիժորն էր ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:

ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաև վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների /Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին/ դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:

Լինելով մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ` համերգին մասնակցած տաղանդավոր պատանի երաժիշտներն արդեն իսկ գրանցում են տպավորիչ հաջողություններ: Անի Աթայանը Հայաստանը ներկայացրել է «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անդրանիկ Աղաջանյանը Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ է ստացել «Gina Bachauer» միջազգային մրցույթում: Պոլինա Շարաֆյանը և Արթուր Գրիգորյանը  բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են, իսկ  Խաչիկ Անդրեասյանը, ի ուրախություն բոլորիս, մասնակցում է Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում և արդեն իսկ անցել է հաջորդ փուլ:

Իր ամփոփիչ խոսքում Արմեն Բաբախանյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը և հատկապես կարևորեց այն աջակցությունը, որը տրամադրվում է  ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի հետագա առաջխաղացման համար: Ի դեպ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ծրագրի սաների համար սահմանվել է նաև կրթաթոշակ:

Համերգի աջակիցներից էր նաև Յունիբանկը, որը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում և ակտիվ իրականացրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրեր: Նման համերգներին իր աջակցությունը տրամադրելով` Յունիբանկն ուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս