Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ՝ երեք երիտասարդների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. պարզվում են հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 6-ին 3 երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:

2017 թվականի մարտի 6-ին՝ ժամը 20:15-ին և 21:10-ին , «Արմենիա» ԲԿ-ից հաղորդումներ են ստացվել առ այն, որ «Մալականի այգի» կոչվող տարածքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել քաղաքացիներ Հ.Հայրապետյանը՝ «կտրած-ծակած վերք, ձախ ազդրի վերին երրորդի առաջնային մակերեսում ազդրային ընդհանուր զարկերակի և ազդրային երակի վնասումով, ձախ ազդրի վերին երրորդի փափուկ հյուսվածքների վնասումով, արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ երկրորդ-երրորդ աստիճան» վնասվածքներով, Վ.Հայրապետյանը՝ «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» և Գ. Իսպիրյանը՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» մարմնական վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ պարզվել է, որ նշված երեք երիտասարդները մարմնական վնասվածքներն ստացել են նույն վիճաբանության ժամանակ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս