«Հայ տղամարդիկ այլևս ստիպված չեն լինի «խոպան» գնալ, իսկ 18 տարեկան տղաները չեն գնա սահման պահելու». Արթուր Բաղդասարյան
«Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ, եթե այսօր Հայաստանում 100 հազար մարդ իր ավանդը ստացել է, ապա դա իրենց շնորհիվ է.
«Տարիներ շարունակ մեզ մեղադրել են ամբոխահաճության մեջ, որ դա անհնար է: Հիմա, եղբայր, 100 հազար մարդ ստացե՞լ է իր ավանդը, 40 մլն դոլար մարդիկ ավանդ ստացե՞լ են. սրանք պաշտոնական թվեր են: Հիմա ասում ենք, որ տասնյակ-հազարավոր մարդիկ դեռ կան, որ պետք է իրենց փողը ստանան, եկեք տանք այդ ավանդները: Ծնողն ունի պարտավորություն պետության նկատմամբ, հենց չի կարողանում տալ, պարտավորությունն անցնում է իր ժառանգին, բայց որ ծնողը բանկում փող է գցել, հետո մահացել է, ասում են՝ չէ, երեխեն դրա հետ կապ չունի: Մենք առաջարկում ենք սոցիալական արդարություն այս ոլորտում»:
Նա նշեց, որ այն, ինչ արել են, համառությամբ են կյանքի կոչել. «Հիմա ասում ենք՝ Ղարաբաղում այսօր ամուսնացող զույգին փող են տալիս, ասում ենք՝ եկեք մենք էլ տանք, վա՞տ բան ենք ասում: Հայաստանի բյուջեն Արցախին տալիս է փող, նա էլ տալիս է, լավ է անում, բերեք մեզ մոտ էլ տանք: 500 հազար դրամ որ գումար տանք, այդ մարդիկ կկարողանան իրենց առաջին քայլերը կատարել: Այսօր շատ մարդիկ ընտանիք չեն կազմում, որովհետև փող չունեն»:
Նա բարձրացրեց նաև պրոֆեսիոնալ բանակին անցնելու հարցը և ասաց, որ այս ոլորտում ռեֆորմ անելուց հետո հայ տղամարդիկ այլևս ստիպված չեն լինի «խոպան» գնալ, իսկ 18 տարեկան տղաները չեն գնա սահման պահելու:
Ա. Բաղդասարյանի խոսքով՝ պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա նաև աշխատատեղերի ստեղծման գործում. «Մենք ներկայացրել ենք 30 քայլ, որ կփոխի Հայաստանը: Դրանց բոլորի հիմքում կան հստակ ֆինանսական հաշվարկներ, և մեր ծրագրերի իրականացման դեպքում՝ ՀՀ բյուջե միլիարդավոր դրամներ կմտնեն: Եկեք՝ մեր տնտեսությունը զարգացնենք, գյուղատնտեսությունը զարգացնենք: Այսօր ոսկու հանքեր ունենք Հայաստանում, բայց մեր ոսկու գանձարանը զրո է: Տիգրան Սարգսյանի օրոք այդ ոսկու պաշարները վաճառեցին: Այսօր օֆշորում գրանցված կազմակերպությունները գալիս են, Հայաստանի ոսկին հանում-տանում են»: