Նախընտրական հարցում. Ում է այն հավատ ներշնչում

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով: Երեկ կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը հրապարակեց արդյունքները։

Ըստ այդմ, հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիները պատասխանել են՝ «Ծառուկյան» դաշինք՝ 26.4 %, «ՀՀԿ»՝ 22.8 %, «Ելք»՝ 4.3 %, «ՀՅԴ»՝ 3.9 %, «Ազատ դեմոկրատներ»՝ 3.4 %, «Հայկական վերածնունդ»՝ 2.7 %, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.6 %, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 1.8 %, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1%։ Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի, որից 14.1 %-ը հրաժարվել է, իսկ 17 %-ը դժվարացել է պատասխանել:

Մեզ հետ զրույցում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը համաձայնեց հարցման արդյունքների հետ։

«Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը գտնում է, որ հետազոտության արդյունքներն իրենց մասով մոտ են իրականությանը։ «Հավաստիությունը մեր մասով, կարծում եմ, նորմալ է»,- ասաց Մելքումյանը՝ կարևորելով չկողմնորոշվածների ցուցանիշը։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ հարցմանը մասնակցած 1146 քաղաքացուց 14.1 %-ը հրաժարվել է պատասխանել, Մ. Մելքումյանը նշեց, որ այդ թիվը կարող է ազդել ընդհանուր հարցման արդյունքների վրա, և դրանք հիմնավորված կլինեն միայն չկողմնորոշվածերի թիվն իմանալու դեպքում։ Ըստ նրա՝ քարոզարշավի ընթացքում կարող է 10 օր հետո այլ արդյունքներ գրանցվեն. «Մեր դեպքում այդ թիվը հիմքեր ունի, ես դրանք տեսնում եմ։ Մյուսների մասով՝ քննարկման առարկա է՝ ելնելով չկողմնորոշվածների թվից»։

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ որևէ հարցում Հայաստանում արժանահավատ չէ։ «Հայաստանի Հանրապետությունում հարցումները միշտ յուրահատուկ են՝ անկախ նրանից, թե այդ հարցումները մեկնաբանողը ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչը կլինի։ Այդ նույն կազմակերպությունը նախորդ ընտրությունների ժամանակ էլ էր հարցում անցկացրել, սակայն ամեն ինչ չէ, որ նման հարցումներով կարելի է ճշտել՝ ընդհանուր տրամադրությունների, տիրող մթնոլորտի պատճառով»,- ասաց նա։

Ըստ Վ.Խաչատրյանի՝ քարոզարշավը նոր է սկսվում. «Պետք է փորձել եղած անորոշությունները վերացնել, բոլոր մասնակիցները երևի այդ խնդիրն ունեն, բացի երևի ՀՀԿ-ից ու մի քիչ էլ «Բարգավաճից», առաջինը՝ որպես իշխող ուժ, մյուսն էլ՝ Ծառուկյանի գործոնի հետ կապված, որ տեսակետներն ավելի հստակ են։ Մենք առանձնանում ենք մեր կարգախոսով և մեր մոտեցումներով այսօրվա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից ելնելու ճանապարհի առումով։ Մարդիկ պետք է կարողանան հասկանալ, համոզվել, թե ինչ ցանկություններ և ինչ պատկերացումներ ունեն քաղաքական ուժերը»։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կտրականապես մերժեց կազմակերպության հարցման արդյունքները։ «Դա նույնն է, ինչ և Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական ընտրություններում էր, երբ հարցման արդյունքով նա պետք է 5% քվե ստանար։ Իրական արդյունքն ամսի 3-ին կերևա»,- հայտարարեց Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ այդպիսի թիվ գոյություն չունի, իսկ իրական թիվը քարոզարշավի ընթացքում, բնականաբար, փոխվելու է, որովհետև մինչև հիմա բացառապես սև PR-ն է գործել. «Քանի որ լրատվամիջոցները հսկողության ներքո են, այդ սև PR-ը որոշակի ազդեցություն թողել է, չեմ կարող դա ժխտել։ Բայց քանի որ հիմա մենք հնարավորություն ենք ունենալու մեր խոսքն ասելու, նաև հեռուստատեսությունը որոշակիորեն կբացվի, բոլորովին այլ պատկեր կլինի։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մենք ամբողջ Հայաստանով մեկ շրջելու ենք և մեր մոտեցումները ներկայացնելու ենք։ Դրա համար իրական թիվը և Gallup-ի հրապարակած թիվը տարբեր են, իսկ ի՞նչ կլինի ապրիլի 3-ին, բան չմնաց, կապրենք՝ կտեսնենք»։

Ա.Մարտիրոսյանը նշեց, որ իրենք այլ հարցումների տվյալներ ունեն, և այդ թիվը շատ հեռու է նրանից, ինչ Gallup-ի հարցումներն են ցույց տվել։ Մարտիրոսյանն այդ հարցման կոնկրետ թիվը չհիշեց, բայց նշեց, որ այն բավականին բարձր էր։

ՀՀԿ ԳՄ անդամ և ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է, որ հարցման արդյունքներով ՀՀԿ-ն զիջում է «Ծառուկյան» դաշինքին, հակադարձ հարց հնչեցրեց՝ այսօր ամսի քանի՞սն է, և հորդորեց հերթականությամբ համբերատար հետևել հաջորդ օրերի արդյունքներին՝ ամսի 10-ին, 16-ին, 26-ին։ Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն այսօր է պնդում, որ առաջատարն է, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Դա Gallup-ի արդյունքներն են, ընդհանուր առմամբ միշտ նորը գայթակղիչ է լինում, իսկ հինը պիտի ավելի փորձառու իր գործը կատարի։ Քարոզարշավը առջևում է, ինձ թվում է, որ քարոզարշավը ամեն ինչ կկարգավորի»։

Հարցին՝ արդյոք «նոր» ասելով՝ Բաղդասարյանը «Ծառուկյան» դաշինքի՞ն նկատի ունի, ՀՀԿ-ական պատգամավորն ուղղեց՝ «նորացած հին են»։

Տեսանյութեր

Լրահոս