«Լուրջ լարվածությունը շփման գծում էականորեն կանդրադառնա ընտրական գործընթացի վերջնական պատկերի վրա»

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Պարոն Բադալյան, մարտի 5-ին մեկնարկեց ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Դատելով հասարակական տրամադրություններից, որոնց մի մասի էությունը բոյկոտն է, ընտրություններում ներկայացված ուժերի ցանկից՝ ինչպիսի՞ քարոզարշավ և ընտրապայքար է մեզ սպասվում։

– Կարող ենք ասել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ջանքերով հասարակության մոտ ստեղծվեց հետաքրքրություն ոչ այն է՝ ընտրական գործընթացի բովանդակային մասի նկատմամբ, այլ ընտրակաշառքի։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ շատ-շատերը գուցե ընտրություններին չմասնակցեն ընտրակաշառքի բացակայության դեպքում, ոչ թե բոյկոտելով՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով, որովհետև բոյկոտը քաղաքական գործընթաց է, այս դեպքում պարզապես անտարբերությունն է գերիշխում, քան բոյկոտը։

Եթե չկա գումարային շահագրգռվածություն, բնականաբար, հետաքրքրությունն այս ընտրական գործընթացի նկատմամբ մարում է, ինչը գործընթացը վերածում է ֆինանսակրիմինալ երևույթի։ Սա՝ հասարակության սպասումների մասով։ Իհարկե, սա ողջ հասարակության մասին ասելը սխալ կլինի, քանի որ մյուս մասի, որոնք գումարով չեն քվեարկում և հետաքրքրություն են դրսևորում ընտրական գործընթացի նկատմամբ, տոկոսային չափը բավականին քիչ է, տարբեր դիտարկումները ցույց են տալիս, որ տարբեր ընտրական գործընթացների ֆինանսական, ընտրակաշառքային մասը հետաքրքրում է ընտրողների մոտավորապես 50%-ին։

Մյուս հատվածի մոտ որոշակի հետաքրքրություն կա ներկայումս տեղի ունեցողի նկատմամբ, բայց դա քարոզարշավով չի բացատրվում, այլ մի շարք այլ հանգամանքներով։ Հասարակության տրամադրությունները և սպասումները երկու մասի կարելի է բաժանել՝ քվեարկողներ՝ ըստ ընտրակաշառքի, եթե չլինի ընտրակաշառք՝ չեն մասնակցի ընտրության, քանի որ իրենց ապագան այս քաղաքական համակարգի հետ այլևս չեն կապում, իսկ մյուս մասը կապում է որոշակի հույսեր՝ ըստ դրա մասնակցելով քվեարկությանը։

Ինչ վերաբերում է քարոզարշավի բովանդակային մասին, ապա մեզ սպասվում է սովորական, ստանդարտ քարոզարշավ, բոլորն առաջարկում են այն գործոնները, ինչն իրենք նպատակահարմար են գտնում, արտառոց լավ, էականորեն նախորդ քարոզարշավներից տարբերվող գործընթաց չի լինելու, սովորական է ամեն բան։ Յուրաքանչյուրն առաջարկում է այն, ինչը, ըստ իրեն, պահանջարկ կունենա հասարակության մոտ, և ընդամենը դա է առաջարկում։ Մի մասի մոտ դա հաջող է ստացվում, մյուս մասի մոտ՝ ոչ։

– Ներկայացված ուժերի ցանկում կա՞ մի ուժ, որը կարող է ռեալ այլընտրանք դառնալ իշխող կուսակցությանը։

– Ամենատարածված սխալներից մեկն է, երբ քաղաքական դաշտի ներկայացուցիչներից մենք տեսնում ենք փորձեր՝ իրենց դիրքավորել որպես այլընտրանքային ուժեր: Հարցն այն է, որ ընտրությունների ժամանակ ոչ թե իշխանությունն ու ընդդիմությունն են պայքարում, այլ պայքարում են կուսակցությունները, և բացարձակ կապ չունի, թե այդ կուսակցությունը իշխանությո՞ւն է եղել, թե՞ ընդդիմություն, և իրեն այլընտրանք է անվանում, ընտրություններին մասնակցում են կուսակցությունները և դաշինքները, և խնդիրն այն է, որ ոչ թե իրեն պետք է դրսևորի՝ որպես այլընտրանք, այլ ցույց տա այն ճանապարհը, որն իր ընտրողներին է առաջարկում։

Սա երկկուսակցական համակարգ չէ, այլ բազմակուսակցական, և անգամ այստեղ են իրենք սխալվում։ Հայաստանում մրցակցում են քաղաքական ուժերը միմյանց դեմ՝ ընտրողների ձայները ստանալու համար, իշխանություն լինելու փաստն օգտագործվում է մրցակիցների կողմից, բայց սա պայքար է ժողովրդի ձայները ստանալու համար։ Ուստի այստեղ խնդիր դրված չէ, որ որևէ ուժ իրեն այլընտրանք ձևավորի Հանրապետականին, խնդիր է դրված, որ ինքն իր ընտրողներին ցույց տա մի գործոն, որի համար ընտրողներն իրեն ձայն կտան, իհարկե, այն ընտրողները, որոնք գումարով չեն քվեարկում։ Ընտրողին չի հետաքրքրում՝ դրածո՞ ընդդիմություն է, դրածո չէ՞, և այլն, ընտրողը չի էլ գնալու հետաքրքրվելու, ընտրողն այլ սկզբունքներից է քվեարկում։

– Ի՞նչ սկզբունքներից ելնելով։

– Քվեարկում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե այն քաղաքական ուժը, որն իրեն ինչ-որ բան է առաջարկում, համապատասխանո՞ւմ է իր պատկերացնումներին, թե՞ ոչ, ուժը կամ ուժը գլխավորող լիդերը։ Եթե համապատասխանում է՝ կընտրի նրան, ոչ՝ նրան չի ընտրի, ընտրողը չի նկատում իշխանություն թե ընդդիմություն, դրածո, ճիշտ-սխալ, արմատական ընդդիմադիր, թե ոչ։ Նա հստակ պատկերացում ունի, ըստ դրա՝ քվեարկում է։ Կա նաև ընտրազանգված, որը պահի տակ է քվեարկում, դա էլ պակաս ընտրազանգված չէ։

– Ըստ Ձեզ՝ ո՞ր դաշինքներն են ձևավորելու նոր խորհրդարանը։

– Այս պահի դրությամբ՝ դժվար է ասել, որովհետև ներկայումս ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը դեռևս խաղաղ է։ Եթե հանկարծ ռազմական գործողություններ վերսկսվեն, մեծ զոհեր արձանագրի հայկական կողմը, դա, հասկանալիորեն, կարող է անդրադառնալ ընտրական գործընթացի վերջնական պատկերի վրա։ Եթե դա տեղի չունեցավ, շարունակվեց այն խաղաղ իրավիճակը, ինչը ներկայումս կա, ապա այլ քաղաքական պատկեր կլինի։

Եթե համեմատաբար խաղաղությունը պահպանվում է, ապա, ամենայն հավանականությամբ, մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն կանցնի խորհրդարան, «Ծառուկյան» դաշինքը՝ ևս, Կոմունիստական կուսակցությունը չի անցնի, մյուսները՝ 50/50% հավանականությամբ, ՀԱԿ-ի մոտ 50% է, որ կանցնի, մյուսի դեպքում՝ նույնքան, որ չի անցնի, շեշտադրումները ևս տարբեր են։ Մյուս բոլոր ուժերի դեպքում այս պահին կարող եմ ասել, որ 50/50% է հավանականությունը։

Քարոզարշավի ժամանակ մեծ շեշտ չպետք է դնել բովանդակային մասի վրա՝ պնդելով, թե եթե որևէ կուսակցություն հաջող տեսահոլովակ պատրաստեց և ցուցադրեց, դա կազդի ընտրողի վրա, քանի որ քարոզարշավն այդ ուժի նախկին 4-5 տարվա քաղաքական կուրսի համառոտ ներկայացումն է ընտրողին, պետք է ինչ-որ բան արած լինես, որ ներկայացնես, ոչ թե զրոյից ինչ-որ բան առաջարկես, այդ դեպքում հաջողություն չես ունենա, այդ բնագավառում բոլորը կաղում են, ուստի փորձում են շրջանցել այս հարցը։

– Եթե լարվածություն լինի Ղարաբաղյան շփման գծում, ապա ինչպիսի՞ ելք պետք է սպասել։

– Կարծում եմ, որ այդ դեպքում գուցե խիստ ուժեղանա ատելությունը ոչ թե իշխանությունների, այլ ՀՀԿ-ի նկատմամբ, և ՀՀԿ-ն այդ դեպքում լուրջ խնդիրներ կունենա, որովհետև, եթե ամեն օր սահմանից մեկ-երկու դիակ են բերում՝ դա այլ հարց է, բայց եթե կրկնվի ապրիլյան պատերազմը, ապա դա բոլորովին այլ արձագանք կարող է առաջացնել, և ոչ մեկը չի կարող ասել, թե ինչպիսին կլինի այն՝ ընտրական գործընթացը կկասեցվի՞, թե՞ ոչ, ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ կուժեղանա՞, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց դա կարող է ազդել։

Տեսանյութեր

Լրահոս