Շվեդիայում մահացած հայ զբոսաշրջիկի հայրը պնդում է, թե ՀՀ իշխանությունը չի աջակցում դեպքի բացահայտմանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 6-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների հայցն ընդդեմ շվեդ ոստիկանների այս շաբաթ կներկայացվի դատարան: Այս մասին «Փաստին» ասաց մահացած ՀՀ քաղաքացու հայրը՝ Մանվել Բարսեղյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ իրենք լիովին միայնակ են մնացել իրենց ցավի հետ ու շվեդ ոստիկանների անարդարության դեմ:
«Հայաստանի իշխանությունը ոչ մի բանով չի աջակցում տղայիս դեմ շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը: Մենք Շվեդիայում 3 փաստաբան ենք վարձել, այս շաբաթվա մեջ գործը կմտնի դատարան: Փաստաբանները զարմացած ասում են, թե ձեր պետությունն ի՞նչ պետություն է, որ չի ուզում խառնվել այս գործին: Պիտի գոնե դիմեին, ասեին էս մեր քաղաքացու հետ էս ի՞նչ եք արել: Այնքան անմարդկային են, որ գնացել փաստաբանին ասել են՝ ուր եք գազ տալիս»,- պատմեց մահացած երիտասարդի հայրը՝ առանց մանրամասնելու, թե որ պաշտոնյան է փաստաբանին նման բան ասել:
Հոր խոսքերով՝ տղան բիզնեսով էր զբաղվում Ռուսաստանում ու ընկերների հետ շրջել է եվրոպական մի քանի երկրում: Ըստ շվեդական ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` եղել է գողության փորձի ահազանգ մսամթերքի խանութից:
«Հետո փաստաբանները գնացել, հարցրել են՝ ուր է գողոնը, պարզվել է գողոն չկա, ասել են՝ գողության փորձ է եղել, հետո դա էլ է հերքվել»,- պատմեց հայրը՝ շարունակելով. «Տղայիս մարմինը տեղափոխելու համար հայ համայնքն է վճարել, ԱԳՆ-ն չի աջակցել: Հայ համայնքն էլ է զարմացած ոստիկանների պահվածքից ու մեր կառավարության պահելաձևից: Կառավարությունից մինչև անգամ չզանգեցին, չասացին՝ ցավակցում ենք: Մենք կառավարություն չունենք, որ մեր քաղաքացու իրավունքները դրսում պաշտպանի: Տղաս Շվեդիայի ոստիկանությունում վատ է զգացել, ընկերները մեքենայով արագ հասցնելուց են եղել հիվանդանոց, ոստիկանները կանգնեցրել են, էդ պահին տղաս հետ է տվել ու ընկել է գետնին, որ ընկել է, մի կին ոստիկան եկել ոտքով խփել է, ասել է՝ բարձրացիր, դերասանություն մի արա, դուք էմիգրանտներ եք, մեր կյանքը կերել եք: Տղաս ասել է՝ մի բաժակ ջուր տվեք, վատ եմ զգում, ջուր էլ չեն տվել, որից հետո նա մահացել է ոստիկանությունում»,- պատմեց երիտասարդի հայրը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։