Տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք. Արցախի վարչապետը նոր բացահայտումներ է անում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, թե այդ օրերին ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, նոր բացահայտումների առիթ է դարձել: Պարզվում է՝ տարիներ շարունակ Հայաստան և ԼՂՀ անորակ վառելիք է ներկրվել, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլև գյուղտեխնիկայի, տրանսպորտային միջոցների խափանումների:
Այս խնդիրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնել է նաև Արցախի վարչապետ Արա Հարությունյանը. «Իրականում անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի և Արցախի հանրապետություններում: Իմ տեղեկություններով՝ տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք, որն օգտագործվում է թե՛ գյուղտեխնիկայի, թե՛ տրանսպորտային միջոցների և թե՛ համապատասխան այլ մեքենաների կողմից: Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ և հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից:
Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով: Այդ խնդիրների պատճառով ոչ միայն տեխնիկական միջոցներն են փչացել, այլ նաև ձգձգումներ են եղել ինժեներական աշխատանքներում: Պետք է հասկանալ, որ եթե շուկայում առկա է անորակ ապրանք, հատկապես արտակարգ իրավիճակներում և հապշտապ գնումների պարագայում նմանատիպ խնդիրները բացառված չեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Արցախի վարչապետ Ա. Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։