Արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է մի քանի պատճառներով

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանում թշնամական քաղաքականությունը դարձել է քաղաքական և սոցիալական գործընթացները առաջ տանող շարժիչ ուժ: Ըստ նրա` արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է մի քանի պատճառներով, որոնք Ադրբեջանում ունեն թե΄ ներքին, թե΄ արտաքին  բնույթ:

«Այնտեղ տեղի է ունենում իշխանական համակարգի արժեքների վերադասավորում, ինչի արդյունքում Ադրբեջանում մեծ ազդեցություն ունեցող Փաշաևների ներկայացուցիչ Մեհրիբան Ալիևան դարձել է այդ երկրի առաջին փոխնախագահ։ Երկրորդ կարևոր խաղացողները նախիջևանյան կլանի ներկայացուցիչներն են, ովքեր շարունակում են պայքարել իրենց դիրքերի համար»,- ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի խոսքով` ներկայումս Ադրբեջանում աշխատանք է տարվում Նախիջևանի գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովին նույնպես երկրի փոխնախագահ նշանակելու ուղղությամբ:

«Այս խնդիրը լուծելու համար Նախիջևանում պետք է նույնպես սահմանադրություն փոխվի, ինչը ենթադրում է քաղաքական երկար գործընթաց։ Կարծում եմ, քանի այս ներքաղաքական վերադասավորումը շարունակվում է, քանի ամրապնդվում է Փաշաևների և նախիջևանյան կլանի դաշինքը հետագա իշխանություն ձևավորելու և ուժեղ պահելու համար, Ադրբեջանի նախագահը մշտապես փորձելու է արտաքին սպառնալիքներով շեղել իր ժողովրդի ուշադրությունը»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, սահմանում լարվածություն ստեղծելով, ցանկանում նաև ներքին լսարանին շեղել սոցիալտնտեսական խնդիրներից:

Տեսանյութեր

Լրահոս