«Իրենք կատարում են պատվեր». Հեղինե Բիշարյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց 30 կետից բաղկացած ՀՎԿ նախընտրական ծրագիրը, որտեղ, սակայն, ներառված չէին Հայաստանի արտաքին քաղաքականության և Արցախի խնդրի կարգավորման մասին հարցերը:

Լրագրողների հետ զրույցում ՀՎԿ փոխնախագահն Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ կուսակցության ունեցած դիրքորոշման մասով միայն նշեց, որ իրենք միշտ խոսել են այդ մասին, ասել, որ Արցախը Հայաստանի մաս պետք է լինի: Բայց ինչ վերաբերում է հարցի կարգավորման եղանակներին, նա միայն ասաց, որ դա արդեն ուրիշ հարց է, սա նախընտրական ծրագրի հետ որևէ կապ չունի:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, նա նշեց, որ բոլոր աշխարհաքաղաքական ուղղությունների հետ սերտ համագործակցության կողմնակից են. «Մենք պետք է բոլորի հետ համագործակցենք, որովհետև մեր երկիրը խնդիրներ ունեցող պետություն է, պատերազմող երկիր ենք, և չի կարելի ասել, որ, եթե Ամերիկայի կամ Եվրոպայի հետ լավ ես, ապա մյուսի հետ պետք է վատ լինես: Ընդհակառակը՝ պետք է բոլորի հետ ունենալ շատ լավ հարաբերություններ ու բոլորից կարողանալ օգտվել: Հայաստանը կարող է Եվրոպայի և Ռուսաստանի միջև կամուրջ դառնալ: Ընդհանուր սահմանները կապ չունեն. Արժեքների ներկրման և համագործակցության մասին է խոսքը»:

Հարցին՝ օրերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենք են միակ ընդդիմադիր ուժը, որ չեն վերահսկվում իշխանության կողմից, մյուս կողմից էլ՝ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ բոլոր մյուս կուսակցություններն իշխանության հետ արդեն տոկոս են պայմանավորվել, ի՞նչ կասի այս ամենի վերաբերյալ, նա այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Նման հայտարարություններ անելու արդյունքում պետք է բոլոր քաղաքական ուժերն ուղղակի ապացուցեն՝ ինչ են ուզում դրանով ասել: Իսկ ընդհանրապես, ընդդիմադիր քաղաքական ուժերը, երբ խոսում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, ապա դա նշանակում է, որ իրենք կատարում են պատվեր: Երկրորդ՝ եթե քաղաքական ուժերը պայքար են մղում հաջողությունների համար, որ երկրում ինչ-որ բան փոխվի,  ապա նպատակը չպետք է մեկը մյուսին սևացնելը կամ քննադատելը լինի: Նախընտրական շրջանում պետք է մրցունակ լինեն լիդերները, ծրագրերն ու գաղափարները, որը պետք է երկիրը փոխի: Թե ներքին բամբասանքներում, կուլիսներում ով՝ ում մասին ինչ է խոսում, մեզ չի հետաքրքրում»:

Ճշտող հարցին՝ կոնկրետ Սեյրան Օհանյանն է ասել, որ իրենց դաշինքից դուրս մյուս ուժերը պայմանավորվածություններ ունեն իշխանությունների հետ, իր ասածը, թե՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը, երբ խոսում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, ապա դա նշանակում է, որ իրենք կատարում են պատվեր, արդյո՞ք Սեյրան Օհանյանի հայտարարությանն էր վերաբերում, նա տվեց այսպիսի պատասխան. «Իմ ասածը վերաբերում է բոլոր նրանց, բոլոր այն քաղաքական ընդդիմադիր ուժերին… որովհետև երբեք մեր կուակցության կողմից չեք լսի՝ որևէ մեկին  որևէ պիտակ կպցնել, որովհետև մենք քաղաքական մշակույթին ենք տիրապետում: Մենք քաղաքական պայքարի մեջ չենք դիտարկում մեր գործընկերներին սևացնելու արդյունքում դիվիդենտներ շահելը: Դրա համար նման վարքագիծն անընդունելի է, անկախ նրանից՝ ով է ասել, ինձ համար մեկ է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս