«Այդ հարցումը երկու կասկած է հարուցում». Արմեն Մարտիրոսյանը՝ Gallup International Association-ի հարցման մասին

«Այդ կազմակերպությունը Gallup չի։ Gallup International Association կազմակերպությունը ժամանակին զրկել էր հայաստանյան այդ կազմակերպությանը լիցենզիայից։ Կարող եք կապվել Gallup-ի գլխավոր գրասենյակի հետ և ճշտել՝ այդ կազմակերպությունն ունի՞ լիցենզիա, որ այդպիսի տվյալներ է հրապարակել։ Կասկածելի օբյեկտի տված արդյունքի վրա դուք հարց եք տալիս, այդտեղ խնդիր կա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ-ՀԺԿ ռեյտինգային ցուցակով 1-ին ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը կստանար միայն 2.6 %, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի։

Ըստ նրա՝ այդ հարցումը 2 կասկած է հարուցում, նախ՝ կասկածելի է ընկերությունը, երկրորդ՝ Հայաստանում հարցում անելիս առհասարակ հնարավոր չի ճշգրիտ կամ գոնե մոտավոր թվեր ունենալ, քանի որ մեր երկրում դեռ պահպանվում է վախի մթնոլորտը.

«Մարդիկ վախենում են ասել իրենց կարծիքը։ Անգամ այն ընկերությունը, որտեղ ես աշխատում եմ, աշխատակիցները գալիս են, ասում են, որ եկել են ու իրենց ընտրակաշառք առաջարկել, կամ ասել են, որ պետք է գրանցում փոխեք, եթե ոչ, ամուսինդ աշխատանքը կկորցնի։ Ես իրենց առաջարկում եմ գնալ համապատասխան մարմիններին դիմել, իսկ ես կապահովեմ իրենց պաշտպանությունը, սակայն վախենում են, համատարած վախենում են մարդիկ, իսկ վախի մթնոլորտում ոչ մի հարցում չի կարող ճշգրիտ լինել»։

Հիշեցնենք, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով հետազոտության այսօր հրապարակած արդյունքների համաձայն, հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիները պատասխանել են՝ «Ծառուկյան»՝ 26.4 %, «ՀՀԿ»՝ 22.8 %, «Ելք»՝ 4.3 %, «ՀՅԴ»՝ 3.9 %, «Ազատ դեմոկրատներ»՝ 3.4 %, «Հայկական վերածնունդ»՝ 2.7 %, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.6 %, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 1.8 %, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1%։ Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի, որից 14.1 %-ը հրաժարվել է պատասխանել, 17 %-ը դժվարացել է պատասխանել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս