«Ռուսաստանը շատ լուրջ քայլեր է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ». Մամեդյարով

Մոսկվայում անցկացվում է ՌԴ և Ադրբեջանի արտգործնախագահներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի մամուլի ասուլիսը։ Առաջինը ելույթ ունեցավ ՌԴ արտգործնախարարը, որը հայտնեց, որ քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացման, Կասպից ծովի կարգավիճակի հարցերը, առևտրատնտեսական հարաբերությունները։

Լավրովը հայտնեց, որ հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

Լավրովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակվելու են այնքան, մինչև ձեռք բերվի կողմերի համար ընդունելի որոշում։

Շարունակվելու են եռակողմ հանդիպումները, Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նպաստելու է խնդրի կարգավորմանը։

«Մեր քայլերն արվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ»,- ասաց Լավրովը՝ նշելով, թե իրենք գոհ են բանակցությունների մակարդակից։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են մոտ 200 փաստաթուղթ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ «Ռազմավարական գործընկերության մակարդակը պետք է ընդլայնել և խորացնել»,- ասաց նա։

Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանի գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։

«Ռուսաստանը շատ լուրջ քայլեր է կատարում հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հայտարարեց Մամեդյարովը՝ նշելով, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է առաջ շարժվեն բանակցային գործընթացում։

«Քննարկվել են այդ ուղղությունները»,- ասաց նա՝ ընդգծելով, թե դրանցում պետք է մեծ դեր խաղա նաև հայկական կողմը, որը պետք է ընդունի սեղանին դրված փաստաթղթերը։
«Տանգոն միշտ երկուսով են պարում»,- խոսքը եզրափակեց Մամեդյարովը։

«Ադրբեջանի դիրքորոշումը բոլորը գիտեն»,- հայտարարեց Մամեդյարովը՝ հայկական կողմին մեղադրելով հռետորաբանության մեջ։

«Հռետորաբանությունը չի նպաստում, որ առաջ շարժվենք բանակցային գործընթացում»,- հայտարարեց նա՝ նշելով, թե Ադրբեջանը ստիպված է արձագանքել այդ հայտարարություններին։

Տեսանյութեր

Լրահոս