Մամեդյարովն ու Լավրովն այսօր կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ
Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կանցկացնեն բանակցություններ, որոնցում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Մամեդյարովը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում Սերգեյ Լավրովի հրավերով, հայտնում է TASS-ը։
Այցը տեղի է ունենում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին, որը նշվելու է ապրիլի 4-ին։
«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Ռուսաստանն արդեն ավելի քան երկու տասնամյակ հանդես է գալիս առանցքային միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Հաշվի առնելով մեր երկրների՝ միմյանց աշխարհագրորեն մոտ գտնվելն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար առաջնային նշանակություն ունի այս հակամարտության լուծումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: