Բաժիններ՝

Ձեռնարկս նրա մասին է, որ դպրոցում չպետք է սովորեցնել միայն ողբալ, ատել ու լացել. Ռուբինա Փիրումյան. PanARMENIAN.Net

ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը մշակել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ մարտի 1-ին քննարկվել է ԿԳ նախարարությունում: Նախաձեռնությունը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում ու բազմաթիվ մեկնաբանությունների ու տարակարծության առիթ դարձավ: PAN-ը զրուցել է ձեռնարկի հեղինակի հետ՝ նախաձեռնության նպատակների ու բնույթի մասին:

Ձեր կողմից մշակված ձեռնարկն ընկալվել է որպես դպրոցում երեխաներին պատմության ծանր էջերը հերթական անգամ ներկայացնելու միջոց, ինչը կարող է երեխաների մեջ փոքր ժամանակից հուսահատության, անկումային տրամադրություններ ամրապնդել: Թյուրիմացություններից խուսափելու համար, խնդրում եմ պարզաբանել ի՞նչ է իրենից ներկայացնում ձեռնարկը և ի՞նչ նպատակով է ստեղծվել:

Այդ ուղեցույցը նախատեսված է հենց ուսուցիչների համար, և սովորեցնում է նրանց, թե առաջին դասարանից մինչև 9-րդ դասարանի երեխաների հետ ինչպես և ինչքան խոսել Ցեղասպանության մասին: Այժմ շատ է քննարկվում՝ խոսել կամ չխոսել: Իմ կարծիքով՝ երեխան միևնույն է որևիցե ձևով առնչվում է այդ թեմային, ապրիլի 24-ին տանում են նրանց Ծիծեռնակաբերդ, բնականաբար հարցեր են տալիս, որոշ ծնողներ, ուսուցիչներ, օրինակ, կարծում են, որ պետք է բոլորովին չպատասխանեն այդ հարցերին՝ մտածելով, որ երեխան դեռ փոքր է:

Իհարկե երեխային չի կարելի իրականությունն արյունալի տեսարաններով բացատրել, այդ ամենը հոգեբանական ճնշման է ենթարկում: Այս ձեռնակը ցույց է տալիս, թե ինչպես ըստ տարիքի երեխայի մտավոր կարողություններին, հոգեբանական և ֆիզիոլոգիական զարգացմանը համապատասխան խոսել ցեղասպանության մասին, ինչ բառերով, պատկերացումներով: Ձեռնարկում երեխային ներկայացնելու, քննարկելու զանազան թեմաներ կան, օրինակ, արդարություն, ազատության արժեքը, մարդկային իրավունքը, փոխադարձ հարգանքը, ընկերասիրությունը, ինչպես նաև՝ կորստի իրականությունը, կորստի հասկացողությունը: Այս թեմաները ներկայացված են համապատասխան հարմար նյութերով:

Հեքիաթներ, բանաստեղություններ, պատմվածքներ, այսինքն նյութերը գրականության վրա են հիմնված: Ձեռնարկում կա նաև ուղեցույց, թե ինչպես տրամադրել, հետաքրքրություն առաջացնել երեխայի մոտ, որպեսզի նա ուզենա ընկալել, ներկայացված է, թե ինչպես դասարանում ստեղծել այդ մթնոլորտը:

Ի՞նչպես եք նախատեսել ձեռնարկի միջոցով հակազդել ուսուցիչների կողմից երեխաներին զոհի հոգեբանություն հարկադրելու, թուլություն և ատելություն սերմանելու դրսևորումներին:

Անշուշտ այս ամենին աշակերտները ենթարկվում են դպրոցներում: Ձեռնարկը հենց այդ նպատակով է, որ զոհի տրամաբանությունը, ընկճված հոգեվիճակը չհաղորդվի երեխաներին: Ուղեցույցը կազմված է պահանջատիրության հիմունքների վրա, բայց երեխաներին չպետք է հաղորդվի, որ մեզ կոտորեցին ոչխարի պես: Եկեք խոսենք զոհերի մասին նորմալ, չպիտի լացենք, ողբանք, դա այլևս տեղին չէ, տեղին է սովորել, թե ինչպիսի դիմադրություն եղավ այդ ժամանակ, այդպիսի սոսկալի պայմաններում ինչպես դիմադրեցինք, ինչպիսի դասեր ենք քաղել լավ պագա ունենալու համար:

Ձեռնարկում ուսուցիչներին ուղորդվում է ներկայացնել երեխաներին այն էջերն, որտեղ ոչ թե թույլ ենք, զոհ ենք, այլ հաղթահարել ենք, վերապրել ենք, ինչ-որ բաներին հասել՝ նրանց սովորեցնելով, որ պետք է հաղթահարել դժվարությունները, ձգտել լավատեսության:

Ես միշտ ասել եմ, երեխաներին չի կարելի ներշնչել ատելություն ամբողջ մի ժողովրդի հանդեպ, թուրքերի, քրդերի հանդեպ: Այժմ այդ ատելության սերմանման երևույթները կան դպրոցում. երեխաները ատում են: Ատելությունը ճիշտ ռազմավարություն չէ, պետք է ճանաչել, ձգտել երկխոսության:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս