Հայաստանում մեկնարկում է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Հայաստանում Ազգայի ժողովի ընտրություններին ընդառաջ մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Մարտի 5-ից մինչև մարտի 31-ը ընտրական գործընթացին մասնակից 9 քաղաքական ուժերը հանրապետության ողջ տարածքում հանրությանը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի տեսլականը:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 5 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը:
«Արմենպրես»-ը ներկայացնում է, թե ինչպես են առաջադրված քաղաքական ուժերը տալու նախընտրական քարոզարշավի մեկնարկը:
Իշխող «Հանրապետական» կուսակցությունը քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադաշտից: ՀՀԿ վերջին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ մարտի 5-ին մարզադաշտում կանցկացվի ներկուսակցական փակ միջոցառում, որը չի լուսաբանվի: Կուսակցությունը քարոզարշավ է իրականացնելու հանրապետության ողջ տարածքով, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում էլ տվյալ ընտրական տարածքներում ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուները հանդիպումներ կունենան ընտրողների հետ:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությամբ: Ժամը 10:00-ին դաշինքի ներկայացուցիչները կայցելել «Եռաբլուր», ժամը 11:00-ին՝ «Հաղթանակ» զբոսայգի, ժամը 15:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրը:
«Ելք» դաշինքը նույնպես քարոզարշավը կսկսի «Եռաբլուր» այցելությամբ: Ժամը 11:00-ին դաշինքի անդամները Վազգեն Սարգսյանի տուն թանգարանի մոտից ավտոերթով կայցելեն «Եռաբլուր»: Ժամը 15:00-ին Մերգելյանի ինստիտուտի դիմացի այգուց կմեկնակի երկաթե շեփորներով երթը: Նախաձեռնողը «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Հայկ Կոնջորյանն է: Ժամը 18:30-ին կկայանա «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը և դրամահավաք երեկոն: Հանդիպման ընթացքում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրը, կհնչեն ելույթներ ծրագրային դրույթների շուրջ։ «Հայկական վերածնունդ» կուսակցության համար քարոզարշավը կմեկնարկի մամուլի ասուլիսով: Ժամը 12:00-ին «Անի պլազա» հյուրանոցում տեղի կունենա
«Հայկական վերածնունդ » կուսակցության պատգամավորության թեկնածուների մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն են՝ Էդգար Առաքելյանը (ՀՎԿ մամուլի խոսնակ, պատգամավորության թեկնածու), Արթուր Միսակյանը (ՀՎԿ Կոտայքի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Գարսևան Սաղաթելյանը (ՀՎԿ Գեղարքունիքի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Արմեն Հարությունյանը (ՀՎԿ Վայոց Ձորի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Վիլեն Խաչատրյանը (ՀՎԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու), Տիգրան Սարգսյանը (թիվ 2-րդ ընտրատարածքում ՀՎԿ պատգամավորության թեկնածու), Լիաննա Մանուկայնը (թիվ 4-րդ ընտրատարածքում ՀՎԿ պատգամավորության թեկնածու):
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա ՀԱԿ-ի գրասենյակում կայանալիք միջոցառմամբ: Ժամը 12:00-ին ՀԱԿ կուսակցության գրասենյակում տեղի կունենա դաշինքի ընտրական ծրագրի քարոզչական նյութերի շնորհանդես:
ՀՅԴ-ն ժամը 13:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կներկայացնի կուսակցության նախընտրական պլատֆորմը: Ներկա կլինեն ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցում կայանալիք համաժողովով: Համաժողովը նախատեսված է ժամը 13:00-ին, որի ընթացքում կներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը:
«Ծառուկյան» դաշինքը քարոզարշավը կսկսի Տավուշի մարզից: Դաշինքի ներկայացուցիչները տարբեր խմբերով հանդիպումներ կունենան մարզի տարբեր համայնքների ընտրողների հետ, այնուհետև մարզի խոշոր քաղաքներում կլինեն հանդիպումներ, որոնց կմասնակցի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը քարոզարշավի առաջին օրը կանցկացնի ներկուսակցական հանդիպում, իսկ մարտի 6-ին կներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը: