««Ազատ դեմոկրատները» պատրաստ են համագործակցել անգամ ՀՀԿ-ի հետ». Խաչատուր Քոքոբելյան

«Առաջին դեպքն է ընտրություններում, որ առաջացրել է ընտրաբրոքերներ հասկացողությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ գրասենյակներ են այցելում, ասում են՝ մենք ունենք 500-1000 ձայն, մարդ կա՝ ասում է՝ 10 հազար ձայնի եմ տիրապետում. «Այդ դեպքում, չեմ հասկանում՝ ինչո՞ւ ինքն ընդհանրապես չի առաջադրվում: Կա այդ երևույթը: 20 հազար դրամի մասին է շատ խոսվում, նույնիսկ 50 հազարի: Ի՞նչ է նշանակում՝ 20 հազար դրամ 5 տարվա համար, 20 հազարը բաժանելով 5-ի՝ անում է 4000, 4000-ը բաժանելով 365-ի՝ անում է 11.9, այսինքն՝ տեսեք՝ ուր ենք հասել, մեր ընտրողին առաջարկում են օրը մեկ լուցկի, և ուզում դրանով խլել նրանց ապագան: Ես այն կարծիքին չեմ, որ մեր բոլոր քաղաքացիները փող են վերցնում: Ես չեմ մեղադրում շատերին, որ փող են վերցնում, ավելի շատ փող տվողներին պետք է մեղադրել, որովհետև մարդիկ հնարավորություն չունեն, մենք գիտենք՝ ինչ վիճակում են: Մեր քաղաքացիներից շատերն էլ այդ փողերը վերցնելով՝ այն ընտրությունը չեն անում, ինչ ասում են: Այնտեղ վերահսկման մեթոդներ չունեն փող տվողները»:

Հիշեցնենք, որ Խ. Քոքոբելյանը նաև ասել էր, որ իրենք միակ ուժն են, որ առաջնորդվում են և առաջնորդում են Հայաստանը դեպի Եվրամիություն: 168.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք դա նշանակում է, որ հետընտրական փուլում իրենք մյուս ուժերի հետ պատրաստ չեն համագործակցել, և եթե այդպես չէ, ո՞ր ուժերի հետ են բացառում համագործակցությունը: Ի պատասխան՝ Խ. Քոքոբելյանն ասաց, որ, օրինակ, Հայաստանում արդարադատությունը վերականգնելու կամ հաստատելու հարցում իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած ոչ հանցագործ ուժի հետ. «Նկատի ունեմ, որ հանցագործ սխեմաներով չէ ինչ-որ խնդիրներ լուծում: Օրինակ, նույն ՀՅԴ-ի հետ եմ պատրաստ համագործակցել, ցանկացածի: Այսինքն՝ կան հարցեր, որոնց շուրջ պետք է, և պարտավոր ենք համագործակցել»:

Մեր ճշտող հարցին, թե՝ ՀՀԿ-ի հետ է՞լ եք պատրաստ համագործակցել, Խ. Քոքոբելյանն այսպես պատասխանեց. «Այդ թվում՝ նաև ՀՀԿ-ի, ինչո՞ւ ոչ: Բայց ՀՀԿ-ի հետ ընդհանրապես ես լավ չեմ պատկերացնում որևէ համագործակցություն, որովհետև ՀՀԿ-ն կարող էր այդ խնդիրները լուծել, բայց չի լուծել: Բայց, օրինակ, ԼՂՀ անվտանգության խնդրով, ընտրություններ անցկացնելու խնդրով, այո, նաև ՀՀԿ-ի հետ: Եվ չի կարելի բոլոր ՀՀԿ-ականներին մեղադրել, կան շարքային քաղաքացիներ ՀՀԿ-ում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս