Բաժիններ՝

Կրեմլը՝ Մեդվեդևի «գաղտնի կայսրության» մասին Նավալնիի սկանդալային բացահատումների վերաբերյալ

Կրեմլում չեն ուսումնասիրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի հրապարակած նյութերը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Մանրամասներին ծանոթ չենք, ԶԼՄ-ների հաղորդագրությունները չենք տեսել։ Դա այդ հայտնի դատապարտված քաղաքացու ստեղծագործության առաջին օրինակը չէ։
Ոչինչ չունեմ հավելելու նրան, ինչ ասվել է ՌԴ կառավարության նախագահի մամուլի քարտուղարի կողմից»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նախօրեին ՌԴ կառավարության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել էր, որ Նավալնիի հրապարակումները կրում են «նախընտրական բնույթ»։
«Նավալնիի նյութը կրում է վառ արտահայտված նախընտրական բնույթ, ինչի մասին նա անձամբ է ասում հոլովակի վերջում։ Ընդդիմադիր և դատապարտված անձի քարոզչական ելույթները մեկնաբանելն անիմաստ է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Նավալնին իր բլոգում հրապարակել էր հետաքննություն Մեդվեդևի մասին։

Ինչպես պարզել էր Նավալնին իր համախոհների հետ, Մեդվեդևն ունի հսկայական հողատարածքներ ամենատարբեր էլիտար շրջաններում, շքեղ զբոսանավեր, բնակարաններ հին շենքերում, ագրոհամալիրներ և գինեգործարաններ Ռուսաստանում և արտերկրում։
Հետաքննությունը ցույց է տվել, որ այդ գույքը ձեռք է բերվել օլիգարխների կաշառքների և պետական բանկերի վարկերի միջոցով։

Դմիտրի Մեդվեդևն ու նրա վստահված անձինք ստեղծել են հանցավոր սխեմա, որը հիմնված է ոչ կոմերցիոն հիմնադրամների վրա։

Մեդվեդևին է պատկանում շքեղ առանձնատուն Պլյոսում, ինչպես նաև կալվածքներ Ռուբլյովկայում՝ ընդհանուր 3.7 հազար քմ մակերեսով և 5 մլրդ ռուբլի արժողությամբ։ Դրանք գրանցված են տարբեր հիմնադրամների անունով։ Պարզվել է, որ հիմնադրամի կալվածքներից մեկը նվիրաբերել է միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը։

Նրան պատկանող ևս մեկ կալվածք գտնվում է Կուրսկի մարզի Մանսուրովո գյուղում (այնտեղ ապրել է Մեդվեդևի պապը)։ Հողատարածքի մակերեսը կազմում է 240 հազար քմ։ Այն ունի 2 ուղղաթիռային հարթակ, դեկորատիվ լճակ, մարզական կորտ։ Նույն այդ գյուղում է գտնվում «Մանսուրովո» ագրոհամալիրը, որը գրանցված է Մեդվեդևի զարմիկի անունով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս