«Վարչապետին կհորդորեմ՝ դանակներ չներկրել Հայաստան, դա վտանագավոր է դառնում». Արամ Սարգսյան

«Գործող վարչապետին կհորդորեմ՝ դանակներ չներկրել Հայաստան, դա վտանագավոր է դառնում, կամ հրահանգ տա, որ խանութներում վաճառելուց հարցնեն, եթե Հանրապետական է, չվաճառեն»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

168.am-ի հարցին ի պատասխան՝ հստակեցվե՞լ է, թե ով է լինելու դաշինքի վարչապետի թեկնածուն, Ա.Սարգսյանը, ցույց տալով իր կողքին գտնվող Էդմոն Մարուքյանին և Նիկոլ Փաշինյանին, նկատեց, որ թեկնածուները 3-ն էլ այդտեղ նստած են, պահը կգա, կորոշեն. «Էդմոն Մարուքյանն ասում է՝ առուն չթռած, չեն ասում հոպ։ Ու ճիշտ է ասում, մենք այդ սկզբունքն ենք որդեգրել»։

Մեր հարցին, թե ի՞նչ կհակադարձեք կառավարող կուսակցության վստահությանը, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն է մեծամասնություն կազմելու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ՀՀԿ-ի բրենդը Հայաստանում շատ ծանր վիճակում է, և դա է պատճառը, որ նրանք, իրենց բրենդը ետ մղած, անձերի քարոզարշավ են իրականացնում. «Այսինքն՝ ի սկզբանե իմանալով, որ իշխանական բրեդն ուղղակի խայտառակ ռեյտինգ ունի, նրանք անձեր են առաջ մղում։ Իսկ մենք թե՛ բրենդ, թե՛ անձեր, թե՛ առաջին հերթին «Ելք» դաշիքնի ծրագիրն ենք ներկայացնելու։ Ինչ վերաբերում է նրանց վստահությանը, եթե իրենց հույսը դանակահարությունն է, կամ ծեծուջարդը, կամ փող բաժանելը, ինչ ասեմ։ Մենք վստահ ենք, որ եթե ընտրությունները լինեն այնպես, ինչպես որ խոստացվում է միշտ՝ արդար թափանցիկ, փող չեն բաժանելու, ապա անհնար է, որ ՀՀԿ-ն լինի մեծամասնություն»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ իրենք գիտեն ՀՀ քաղաքացիների ցանկությունը և, իրենցից կախված ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի ունենա. «ՀՀ քաղաքացիներն ուզում են փոփոխություն, ավելի կոնկրետ՝ իշխանափոխություն։ Եվ մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի քաղաքացիները հստակ գիտակցեն, որ այդ պրոցեսը կախված է իրենց քվեից։ Սա ամենակարևոր առանձնահատկությունն է»։

Կարդացեք նաև

«Արտահայտեք ձեր կամքը և մենք այդ կամքը կդարձնենք իրականություն»,- կոչ արեց Ն.Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս