Ադրբեջանը Ղրղըզստանին մեղադրել է Հայաստանին աջակցելու մեջ

Ղրղըզստանի դիրքորոշումը, որը նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին չի միացել ամփոփիչ հայտարարության քաղաքական կետերին, «միանգամայն անհասկանալի է»։

Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

«Անդամ երկրների ամփոփիչ հայտարարության մեջ բացահայտ ասվում է, որ կազմակերպության տիրույթում հակամարտությունների առկայությունը արգելակում է տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը։

Բացի այդ՝ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում զարգացումը, խաղաղությունն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են կայուն զարգացման ու կայունության հետ։

Այդ պատճառով Ղրղըզստանի դիրքորոշումը բացարձակապես անհասկանալի է։ Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է նա ջուր լցնում»,- հայտարարել է Հաջիևը։

Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին մասնակցող երկրների ղեկավարների ամփոփիչ հայտարարության մեջ անհանգստություն է արտահայտվում, որ կազմակերպության տիրույթում չլուծված հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խոչընդոտում են տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանի պոտենցյալի՝ ողջ ծավալով իրացմանը, տարածաշրջանային ու ավելի լայն ձևաչափով համագործակցությանը։
Փաստաթղթում արտացոլվել էր նաև «արտաքին օկուպացիայի» գործոնը։

Տեսանյութեր

Լրահոս