Բաժիններ՝

Թրամփը «վհուկների որս» է անվանել ԱՄՆ գլխավոր դատախազի քննադատությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների որս» է անվանել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշըսնի նկատմամբ դեմոկրատների քննադատությունները, հայտնում է Reuters-ը։

Նրա կարծիքով՝ հենց Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեղավոր են, որ սկանդալ են բարձրացրել նրա շուրջ՝ կապված Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ։

Սակայն Թրամփն ընդգծել է, որ հենց Սեշընսը կարող էր իր արտահայտությունների մեջ ավելի կոնկրետ լինել։

«Ջեֆ Սեշընսն ազնիվ մարդ է։ Նա չի ասել ոչ մի սխալ բան։ Նա կարող էր իր դիրքորոշումն ավելի հստակ ձևակերպել, սակայն դա չի եղել կանխամտածված»,- նշել է նա։
Թրամփը քննադատել է դեմոկրատներին։ Նրա խոսքով՝ դեմոկրատները «չարաշահում են իրենց դիրքորոշումը»։

«Դա իսկական վհուկների որս է»,- ասել է նա։
Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, թե ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը անցած տարի 2 հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, սակայն այդ մասին չի հայտնել Կոնգրեսում իր նշանակման հետ կապված լսումների ժամանակ։

Կոնգրեսում լսումների ժամանակ նա հայտարարել էր, թե «կապ չի ունեցել ռուսների հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս