ՀՀ-ում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 564 հազար 334 մարդ. ընտրողների քանակն՝ ըստ տարածքների
Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մեկ ամիս ժամանակ է մնացել: Մարտի 5-ին մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերը կփորձեն ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերը և երկիրը զարգացնելու տեսլականը:
Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն՝ ըստ ընտրական տարածքների, մինչ այս պահը ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված տեղական լրատվամիջոցները, ինչպես նաև տեղական ու միջազգային դիտորդական առաքելությունները, որոնք հավատարմագրվել են ընտրությունները դիտարկելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 564 հազար 334 քաղաքացի:
Թիվ 1 ընտրական տարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն) ընտրելու իրավունք ունի 198 հազար 537 քաղաքացի, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն)՝ 210 հազար 687 քաղաքացի, թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա)՝ 222 հազար 434 քաղաքացի, թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն)՝ 206 հազար 883 քաղաքացի, թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ)՝ 220 հազար 309 քաղաքացի, թիվ 6 ընտրատարածքում (Արմավիրի մարզ)՝ 232 հազար 232 քաղաքացի, թիվ 7 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ)՝ 117 հազար 455 քաղաքացի, թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ)՝ 187 հա զար 263 քաղաքացի, թիվ 9 ընտրատարածքում (Լոռու մարզ)՝ 238 հազար 975 քաղաքացի, թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ)՝ 237 հազար 419 քաղաքացի, թիվ 11 ընտրատարածքում (Շիրակի մարզ)՝ 231 982 քաղաքացի, թիվ 12 ընտրատարածքում (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր)՝ 152 հազար 805 քաղաքացի, թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ)՝ 107 հազար 353 քաղաքացի:
Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 24 տեղական լրատվամիջոց: Մինչ այս պահը ԿԸՀ-ում հավատարմագրվել են «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, Հայաստանի Հանրային ռադիոն, «Նոյյան տապան» լրատվական կայքը, panorama.am լրատվական կայքը, «Ա-թիվի» հեռուստաընկերությունը, «Շանթ» հեռուստաընկերությունը, «Սոսի» հեռուստաընկերությունը, «Միր» հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղը, «Ռադիո վան&r aquo; լրատվական ծառայությունը, «Գեղամա» հեռուստաընկերությունը, shabat.am լրատվական կայքը, lurer.com լրատվական կայքը, vesti.am կայքը, «Արարատ» հեռուստաընկերությունը, «Ազատություն» ռադիոկայանը, «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությունը, shamshyan.com կայքը, «Արմինֆո» լրատվական գործակալությունը, «Ցայգ» Գյումրիի մարզային հեռուստաընկերությունը, xnews.am լրատվական կայքը, «Լոռի» հեռուստաընկերությունը, Շիրակի հանրային հեռուստառադիոն, henaran.am լրատվական կայքը: Մինչ այս պահը հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցի չների թիվը 351 է:
Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 6 տեղական կազմակերպություն: Ընտրությունների արդյունքները դիտարկելու համար հավատարմագրվել են ««Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն» (133 դիտորդ), «Միացյալ առաջնորդների պալատ» (137 դիտորդ), «Համահայկական երիտասարդական ասոցիացիա (189 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (14 դիտորդ), «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն (969 դիտորդ) և «Շահեն» (104 դիտորդ) հասարակական կազմակերպությունները:
Միջազգային դիտորդական կազմակերպություններից ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները դիտարկելու համար այս պահի դրությամբ հավատարմագրվել է միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ): Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու մասին հայտարարել է նաև ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով):
Քվեարկությանն էլեկտրոնային եղանակով մասնակցելու իրավունք ունի 877 անձ, որոնց ցանկը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս հրապարակել է: Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում պետք է տեղ ունենան նաև ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: ԿԸՀ-ն հրապարակել է նաև այդ ցանկը: ՀՀ-ում բնակվում է 35 հազար 308 եզդի, 11 հազար 911 ռուս, 2769 ասորի, 2 հազար 162 քուրդ:
Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություն են, 4-ը դաշինք: Ընտրապայքարի մեջ կմտնեն «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ» «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ազատ դեմոկրատներ» և «Հայաստանի Կոմունիստական» կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես-ՀԺԿ» և «Ծառուկյան» դաշինքները: