
«Թուրքիան միջոցներ կձեռնարկի Գյուլենի՝ Կանադա փախուստի դեպքում». Էրդողան

Թուրքիան կձգտի հասնել Կանադայից թուրք ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը, եթե նա որոշի հեռանալ այդ երկիր, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, հղում կատարելով հետախուզական տվյալներին, հայտնել է, որ Գյուլենը կարող է հեռանալ Կանադա, որտեղ անշարժ գույք և հողատարածք է գնել։
«Մենք տեղյակ ենք Կանադայում առանձնատան հետ կապված պատմությունից։ Չգիտեմ, թե ինչպես նման առաջարկին կարձագանքի Կանադան։ Նա գիտի մեր վերաբերմունքը Փենսիլվանիայի մասին (այդտեղ է բնակվում Գյուլենը), մենք նրան տեղեկացրել ենք։
Սակայն պնդումները Գյուլենի հնարավոր փախուստի մասին լուրջ բնույթ չեն կրում։ Եթե հարկ լինի, մենք այդ հարցը բարձր մակարդակով կբարձրացնենք»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է Haber 7 հեռուստաալիքը։
Նա հավելել է, որ Գյուլենի մասին տեղեկությունը մշտապես ուղարկվում է ԱՄՆ կոմպետենտ մարմինների և հույս է հայտնել, որ «արդյունքը շուտով կլինի»։