Շվեդիան Ռուսաստանի ռազմական ակտիվության պատճառով վերականգնում է զինվորական ծառայությունը
Շվեդիայի իշխանությունները որոշել են մասնակի վերականգնել ռազմական զորակոչը, որը չեղյալ էր հայտարարվել 2010թ.։ Այս մասին այսօր հայտնել է Շվեդիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մարինետ Ռադեբոն։
Շվեդիայի զինված ուժերը հունվարի 1-ին պատրաստվում են ծառայության զորակոչել 1999թ. ծնված 4 հազար պատանու ու աղջկա։
Նրանք ծառայության կընտրվեն 15 հազար մարդուց՝ համապատասխան ֆիզիոլոգիական և հոգեբանական թեսթերից հետո։
Ռադեբոն նշել է, որ զորակոչի վերադարձի պրակտիկան թելադրվել է «իրենց շուրջը կատարվող փոփոխություններով, որոնցից մեկը Ռուսաստանի ռազմական ակտիվությունն է»։
Նա նշել է, որ շվեդ խորհրդարանականների 70 տոկոսը հանդես է գալիս երկրի բանակի ամրապնդման օգտին։
Զորակոչի ժամկետը կազմում է 9-12 ամիս, ինչից հետո զորակոչիկները կա՛մ մնում են զինված ուժերում, կա՛մ անցնում ռեզերվ։