Բաժիններ՝

Մաշալյանը կոչ է արել Աթեշյանին չառաջադրվել Պոլսո պատրիարքի տեղապահի պաշտոնում

Պոլսո Հայոց պատրիարքարանում մինչև մարտի 15-ը կայանալիք տեղապահի ընտրությամբ պատմության գիրկը կանցնի պատրիարքական փոխանորդի ժամանակաշրջանը: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս մասին խոստում է տվել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ներկայությամբ, և այդ խոստումը ներառվել է արձանագրությունների մեջ: Այս մասին «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Սրբազանի խոսքով` տեղապահի ընտրությունից հետո ձևավորվելիք Նախաձեռնող խումբը կունենա լիազորություններ և թույլ չի տա, որպեսզի տեղապահը մանիպուլյացիայի ենթարկի ընտրական գործընթացը: «Ժողովրդին ամեն ամիս ընտրության գործընթացի վերաբերյալ զեկույց կներկայացվի: Նախաձեռնող մարմինը հավասար պայմաններ կապահովի պատրիարքական թեկնածուների համար` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Եթե վեց ամսվա ընթացքում պատրիարքի ընտրություններ չիրականացվեն տեղապահի և Նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի»,- հայտնել է Մաշալյ անը:

Նա անհրաժեշտ է համարել համոզել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին չդնել իր թեկնածությունը տեղապահի ընտրության ժամանակ: «Նրա կողմից հրաժարվելը կլինի լավագույն նվերը եկեղեցուն և ոսկե հնարավորություն անունը մաքրելու համար»,- ասել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը` ընդգծելով, որ նրան սիրող ընկերները պետք է միջամտեն գործին ու համոզեն Աթեշյանին ազատել աթոռը: «Հոգևորական իմ եղբայրներին մի նախազգուշացում ունեմ` եթե Արամ սրբազանին տեղապահ դարձնեք, նրա համար ամենամեծ վատությունը կանեք»,- հայտարարել է նա:

Մաշալյանը նշել է, որ տեղապահի պաշտոնում առաջադրվելու իրավունք ունի նաև ինքը, սակայն իրենից և Արամ սրբազանից բացի կա ավելի հարմար թեկնածու` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանը: «Նման լարված շրջանում Բեքչյանին դիտարկում և առաջարկում եմ որպես տեղապահի իդեալական թեկնածու»,- ընդգծել է Մաշալյանը` կարծիք հայտնելով, որ նա կկարողանա թուլացնել պատրիարքարանում առկա լարվածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս