
«Ես ամռանը կհեռանամ «Բարսելոնայից»». Լուիս Էնրիկե

Իսպանացու պատմությունը Կատալոնիայում մոտենում է ավարտին:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Լա Լիգայի 25-րդ տուրում «Սպորտինգի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (6:1) անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է շատ կարևոր նորություն: Օգոստոսից կատալոնական մեքենան կղեկավարի այլ մարզիչ:
«Հաջորդ մրցաշրջանից ես չեմ լինի «Բարսելոնայի» մարզիչը: Դա շատ ծանր որոշում է ինձ համար: Ես շատ երկար եմ մտածել այդ մասին»,- հայտարարել է Էնրիկեն, ում խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Սպորտինգի» դեմ խաղում Մեսսին փոխարինվեց, և դաշտից դուրս գալիս Էնրիկեն չսեղմեց նրա ձեռքը:
Լուիս Էնրիկեն գլխավորում է «Բարսելոնան» 2014 թվականից: Իսպանացու հետ «կապտանռնագույնները» երկուական անգամ հաղթել են Լա Լիգան և Իսպանիայի գավաթը, և 1 անգամ՝ Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը