«Չափազանց կարևոր է անձի իրազեկված քայլը». Արման Թաթոյանը՝ «հաց բերողի» մասին
Անազատության մեջ գտնվող Արթուր Սարգսյանը՝ «հաց բերողը», կտրականապես հրաժարվում է բուժօգնությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Կարծում եմ՝ այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այլևս այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ արդեն իսկ գրություններ է ուղարկել նրան կալանավորելու հիմքերի վերաբերյալ։
Արման Թաթոյանն ասաց, որ տեղյակ է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվել է նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել. «Մեր աշխատակիցներն այսօր արդեն եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Այդ բոլոր հանգամանքները ստուգել ենք։ Նաև փաստաբանների ներկայությամբ է հրաժարվել, մեզ էլ է նույնն ասել։ Առողջության պահպանման հարցը հիմա ինձ և մեր աշխատակազմի համար առաջնահերթ ուշադրության առարկա է»։
Արման Թաթոյանն ասաց, որ իրենց պարտականությունն են համարում նաև անընդհատ բացատրել հետևանքներն առողջական վիճակի համար՝ հացադուլը շարունակելու դեպքում. «Չափազանց կարևոր է անձի իրազեկված քայլը»։