Աղվան Հովսեփյանն առարկություն ներկայացրեց. Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր առարկություն ներկայացրեց նիստի օրակարգում ներառված «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ: Քննչական կոմիտեի նախագահն ասաց, որ նախագիծը վերաբերում է նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն նախագիծը չի ուղարկվել իրենց, իսկ նախագիծը վերաբերում է նաև իրենց աշխատանքին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագիծը ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից.
«Թեև համաձայնեցման փուլերում չի ուղարկվել, այնուամենայնիվ, կոմիտեի նիստի նյութերը ստացել են բոլոր մարմինները»:
Նա նշեց, որ դա ուղարկվում է էլեկտրոնային փոստով, և, եթե շահագրգիռ որևէ մարմին առարկություն ունի, «գալիս է, կոմիտեի նիստում ներկայացնում է հարցը»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց լսել, ժամանակ տրամադրել քննարկումների համար:
«Պարզապես հարցը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշումներով, որն արդեն իսկ արված է, և դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխություն է կատարվում «Դատախազության մասին» օրենքում.
«Առաջարկում ենք, որ Գլխավոր դատախազությունը, ինչն այսօր էլ արվում է, մինչև ապրիլի 1-ը հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Գլխավոր դատախազության կայք-էջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է տեղեկություններ պարունակի նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, ինչպես նաև համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումներն առանձին ներկայացնել.
«Սրա գաղափարախոսությունն այն է, որ հանրությանը հատկապես հետաքրքրում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց ընթացքը, գործի վարույթի հետագա ընթացքը կամ կարճման որոշումները, և այլն: Այդ պատճառով էլ առաջարկում ենք, որ առանձին հաղորդում ներկայացվի:
Թերևս, խնդրահարույց կետը հետևյալն է՝ հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը Գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության վերաբերյալ տեղեկություններ ու վիճակագրական տվյալներ, որոնց մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:
Ըստ էության, պիտի նաև ասեմ, որ այսպիսի տվյալներ այսօր էլ ներկայացվում են, և մենք հակասահմանադրական կարգավորում կանենք, եթե որևէ պարտականություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ կամ պարզապես, այսպես ասած, պրակտիկայով: Այդուհանդերձ, արդեն Ձեր հանձնարարականի համաձայն՝ առաջիկա երեք օրերի ընթացքում կճշգրտենք նախաքննության մարմինների կողմից ներկայացված առարկությունները»:
Աղվան Հովսեփյանն ասաց, որ արդեն իսկ գոյություն ունի կառավարության որոշում, որը կարգավորում է այս հարցը, հարցն արդեն իսկ կարգավորված է, Դատախազությունն իրավունք չունի նորմատիվ ակտ ընդունելու, որը պարտադիր լինի նախաքննական մարմնի համար: «Շատ լավ, պարո´ն Հովսեփյան, եթե Դուք ուզում եք կառավարության այսօրվա նիստում մասնագիտացված քննարկումներ անենք…»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ երեք օր ժամանակ տրամադրելով: