
Կարեն Կարապետյանը Արծվիկ Մինասյանին երկու ամիս ժամանակ տվեց

Գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց բնապահպանական վճարների վերաբերյալ: Նա նշեց, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտողների համար:
«Արդյունքում, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ ռեսուրսներ են ծախսում վերջիններիս հսկողության, տեղեկատվական հավաքագրման, ամփոփման և վերլուծման համար:
Այդ իսկ նպատակով հանձնարարում եմ ՀՀ բնապահպանության նախարարին երկամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի ընդհանրացված և տիպային վճարների ներդրման հնարավորությունները»,- ասաց վարչապետը:
Մյուս հանձնարականը բնապահպանական վճարներից համայնքների մասնահնումներին էր առնչվում: Վարչապետն ասաց, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքով բնապաբանական վճարումներից մասհանումներ են կատարվում այն համայնքներին, որոնց տարածքում այդ ընկերությունների գործունեությունը վնասակար ազդեցություն է թողնում.
«Բնապահպանական վճարների բաշխման համակարգը համայնքների միջև թերի է կանոնակարգված, որն իր հերթին ակնհայտ անհամամասնություններ է ստեղծում վնասակար ազդեցություն կրողների և մասհանումների չափերի միջև:
ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգը, որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին և նպատակ կունենա հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունը»: