Դեմոկրատները պահանջում են ԱՄՆ գլխավոր դատախազի հրաժարականը ռուսների հետ շփումների մասին լուրերի ֆոնին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին մեղադրել է նրանում, որ նա «ստել է երդմնակալությանը» և պահանջել է նրանից հրաժարական ներկայացնել, գրում է Politico-ն։
«Գլխավոր դատախազը պետք է հրաժարական ներկայացնի»,- գրել է նա հայտարարության
մեջ։
Նենսի Փելոսին պահանջել է նաև ստեղծել անկախ, երկկուսակցական հանձնաժողով՝ հետաքննելու «Թրամփի՝ ռուսների հետ ունեցած քաղաքական, անձնական և ֆինանսական կապերը»։
Սեշընսին կոչ է արել պաշտոնից հեռանալ նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Էլայջա Քամինգսը։
Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, թե ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը անցած տարի 2 հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, սակայն այդ մասին չի հայտնել Կոնգրեսում իր նշանակման հետ կապված լսումների ժամանակ։
Կոնգրեսում լսումների ժամանակ նա հայտարարել էր, թե «կապ չի ունեցել ռուսների հետ»։