«Պատկերացնում եք, չէ՞, թե ինչպիսի պատերազմ պետք է լինի, որպեսզի Երևանում որոշեն, որ պետք է «Իսկանդերով» հարված հասցնել Բաքվին»
Հարցազրույց Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ
– Պարոն Դուբնով, վերջին մեկ ամսվա ընթացքում էականորեն սրվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Փետրվարի 25-ին նույնիսկ ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի միանգամից երկու ուղղություններով՝ հարավային և արևելյան, հարձակում նախաձեռնեց։ Ինչպիսի՞ զարգացումների պետք է պատրաստ լինեն հայկական կողմերը։
– Հասկանում եմ, որ հակամարտությունը նոր փուլ է թևակոխել 2016թ. ապրիլյան լարվածությունից հետո։ Սակայն ես այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ փետրվարի 25-ին, որոնք էին տեղի ունեցածի առաջնային պատճառները։ Կարծում եմ, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրն այսօր լարվածության սրման իր մոտիվները կարող է ունենալ։ Թե ինչպես են վերջին դեպքերի ժամանակ զոհվել ադրբեջանցի զինվորները, ևս ես դեռ չեմ կարողանում հասկանալ։
Ամեն դեպքում, իմ համոզմամբ, այն, ինչ այսօր տեղի է ունենում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, փոխադարձ պրովոկացիոն ակտիվություն է, և, թե ով է անում առաջին քայլը, սկսում լարվածությունը՝ ինձ համար դժվար է ասելը, քանի որ սա առճակատման մի տեսակ է, երբ յուրաքանչյուր կողմ պատրաստ է մյուս կողմի պրովոկացիային պատասխանել՝ ինքնին պատրաստ լինելով անել նաև առաջին քայլը։ Այսինքն՝ երկու կողմն էլ այսօր պատրաստ է և՛ սադրանքին, և՛ դրա պատասխանին։
Որքանո՞վ է սա վտանգավոր, այո, բավականին վտանգավոր է, քանի որ այս ամենը կարող է հանգեցնել զինված բախումների Ղարաբաղյան հակամարտության գոտում, բայց ես չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, երկարատև պատերազմի մասին։ Կարծում եմ, որ այս պահին կա ռազմական ակտիվության մի սահմանագիծ, որը հստակեցվել է նախորդ տարվա ապրիլյան գործողությունների ժամանակ, նման սցենարի կրկնություն հնարավոր է, սակայն սկզբունքորեն դրանից շատ ավելի կարևոր, ավելի երկարատև և արյունալի պատերազմ այս պահին դեռևս բացառված է։
– Ինչո՞ւ։
– Իմ համոզմամբ՝ կողմերը դրան պատրաստ չեն, ավելին, չեն ցանկանում նման սցենար։ Իրական լայնամասշտաբ պատերազմը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի առաջիկա ծրագրերի մեջ չի մտնում։
– Ադրբեջանին զսպելու ի՞նչ մեխանիզմների է, ըստ Ձեզ, տիրապետում հայկական կողմը։ Օրերս ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր» համալիրները։ Նախ՝ ինչո՞ւ արվեց նման հայտարարություն, եթե պաշտոնական Երևանը նման մտադրություն ունենա, կկարողանա՞ այն իրագործել առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, և վերջին բաղադրիչը՝ «Իսկանդերի» առկայությունը ՀՀ-ում, Ադրբեջանին ետ կպահի՞ արդյոք լայնածավալ հարձակումից։
– Հերթով անդրադառնամ հարցին։ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը պետք է դիտարկենք տեղեկատվական առճակատման շրջանակում, բնականաբար։ Ինչ վերաբերում է «Իսկանդերի» իրական կիրառությանը, ապա չեմ պատկերացնում, որ շփման գծում ստեղծված ներկայիս լարվածության դեպքում ինչ-որ մեկի մտքով անցնի կիրառել «Իսկանդեր»։
Պատկերացնում եք, չէ՞, թե ինչպիսի պատերազմ պետք է լինի, որպեսզի Երևանում որոշեն, որ պետք է այս համալիրով հարված հասցնել Բաքվին, և Մոսկվայում աջակցեն այդ ծրագրին։ Կարծում եմ՝ դա բացարձակապես անիրատեսական է գոնե ներկայումս և մոտ ապագայում։ Ինչ վերաբերում Մոսկվայի հետ համաձայնեցմանը, ապա այս դեպքում այդ «համաձայնեցում» բառը բավականին նուրբ որակում է, քանի որ խոսք է լինելու թույլտվություն խնդրելու մասին։
– Իրավիճակը բավականին լարված է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն իսկապես չի կարողանում կողմերի դիրքորոշումները մերձեցնել, վերջին դեպքերի առնչությամբ չի նկատվում նույնիսկ առանձնակի ակտիվություն այն դեպքում, երբ մի շարք փորձագետներ պնդում էին, թե ապրիլյան պատերազմը դաս կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համար։ Ինչո՞ւ են պասիվ միջնորդները։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն։
– ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է անի այն, ինչ վերջին 20 տարվա ընթացքում է արել՝ պետք է փորձի հանգցնել կրակը՝ տեղային բռնկումները, հնարավոր ավելի լայն առճակատման օջախները, բնականաբար, այս ամենը ներկայացնելով՝ որպես կարգավորման գլոբալ գործընթաց, իհարկե, որին ոչ մեկը չի հավատում։ Ինչո՞ւ ակտիվություն չկա, կարծում եմ՝ կա որոշակի աշխատանք, պատրաստվում է նախագահական հանդիպում, նախապատրաստվում են որոշակի միջոցառումներ, ավելին, ի՞նչ պետք է և ի՞նչ կարող են անել։
Ինչ-որ տեղ բացարձակ կուլիսային խոսակցություններ են ընթանում, որոնք բոլորը հանգում են այս տեղային բռնկումները հանգցնելու խնդրին, ոչ մի այլ բանի մասին խոսք այսօր չկա, չի կարող լինել, երևի թե չի էլ եղել, պարզապես նախկինում այդ տեղային բռնկումները չկային, ուստի համանախագահները ժամանակ ունեին զբաղվելու մեծահոգությամբ՝ կազմակերպելով մեծ կարգավորում։
Իսկ ներկայումս Մինսկի խումբը դրանով զբաղվելու ժամանակ չունի, քանի որ վերջին շրջանում անընդհատ կա բախումների վտանգ, նրանք այլևս ռոմանտիկայի ժամանակ չունեն։
– Նոր լայնածավալ սրացման դեպքում ինչպե՞ս իրեն կդրսևորի Մոսկվան։ Կան կարծիքներ, որ Մոսկվա-Բաքու հարաբերություններում որոշակի սառնություն է նկատվում, քանի որ, այդ պնդումների համաձայն, Բաքուն ընթանում է հակամարտությունը սրելու ճանապարհով, ինչը չի բխում ՌԴ-ի շահերից, և դրանով էր պայմանավորված նաև Լավրովի հայտնի կոշտ պատասխանն ադրբեջանցի լրագրողին։ Կխնդրեմ անդրադառնաք նաև Բաքու-Մոսկվա հարաբերություններին։
– Չեմ կարծում, որ կարող ենք խոսել Մոսկվա-Բաքու հարաբերություններում առկա լարվածության մասին, բոլոր երկկողմանի հարաբերություններում կարող են նկատվել և ստեղծվել անհասկանալի իրավիճակներ, թյուրիմացություններ, բայց չեմ կարծում, որ այդ ամենի ներքո թաքնված է Երևանի համար հնարավորություն՝ փոխել Մոսկվայի դիրքորոշումն այս հակամարտության հարցում։ Երևանը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանի վերաբերմունքն այնքան կփոխվի Ադրբեջանի նկատմամբ, որը թույլ կտա Հայաստանին ավելի լայն ռազմական և քաղաքական հաջողություններ գրանցել։
– Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Լապշինի արտահանձնման աղմկահարույց դեպքից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ։ Իսկապե՞ս Լապշինի արտահանձնումը դարձավ նախադեպ։
– Չեմ կարծում, որ Լապշինի հետ պատահածը նախադեպ է դարձել։ Ինչո՞ւ, որովհետև դա լավ հաշվարկված պրոպագանդիստական քայլ էր, քանի որ բավականին աղմկահարույց էր և բուռն, դրան այլ քայլեր և պատասխաններ չհաջորդեցին, բայց կարծում եմ, որ Լապշինի դեպքն ամբողջությամբ տեղավորվում է հետսովետական տարածքի ավանդույթների շրջանակում։
Պարզ է, որ Եվրոպայից որևէ մեկին Ադրբեջան չեն արտահանձնի, Լապշինի դերի որևէ թեկնածուի։ Հետսովետական տարածքում այնպիսի վերաբերմունք է ձևավորված օրենքի նկատմամբ, որ կարելի է անել խելքին փչածը՝ դա որակելով՝ որպես նախադեպ։ Եթե նման բան կրկին տեղի ունենա, դա ոչ թե Լապշինի գործի հետևանքով կլինի, այլ այն, որ Ադրբեջանի և տվյալ երկրի հարաբերությունների հանդեպ աստղերը բարեհաճ են գտնվել։