«Երկարատև և արյունալի պատերազմ այս պահին դեռևս բացառված է». Վադիմ Դուբնով
«ԼՂ հակամարտությունը նոր փուլ է թևակոխել 2016թ. ապրիլյան լարվածությունից հետո»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում բռնկված լարվածությանը։ Նա նշել է, որ վտանգավոր է, քանի որ այս ամենը կարող է հանգեցնել զինված բախումների Ղարաբաղյան հակամարտության գոտում։
«Բայց ես չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, երկարատև պատերազմի մասին։ Կարծում եմ, որ այս պահին կա ռազմական ակտիվության մի սահմանագիծ, որը հստակեցվել է նախորդ տարվա ապրիլյան գործողությունների ժամանակ, նման սցենարի կրկնություն հնարավոր է, սակայն սկզբունքորեն դրանից շատ ավելի կարևոր, ավելի երկարատև և արյունալի պատերազմ այս պահին դեռևս բացառված է»,- ասել է Դուբնովը։
Իսկ ինչ վերաբերում է այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կատարվելիք հնարավոր քայլերին, ապա նա ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է անի այն, ինչ վերջին 20 տարվա ընթացքում է արել՝ պետք է փորձի հանգցնել կրակը՝ տեղային բռնկումները, հնարավոր ավելի լայն առճակատման օջախները, բնականաբար, այս ամենը ներկայացնելով՝ որպես կարգավորման գլոբալ գործընթաց, իհարկե, որին ոչ մեկը չի հավատում։
Ինչո՞ւ ակտիվություն չկա, կարծում եմ՝ կա որոշակի աշխատանք, պատրաստվում է նախագահական հանդիպում, նախապատրաստվում են որոշակի միջոցառումներ, ավելին, ի՞նչ պետք է, և ի՞նչ կարող են անել։ Ինչ-որ տեղ բացարձակ կուլիսային խոսակցություններ են ընթանում, որոնք բոլորը հանգում են այս տեղային բռնկումները հանգցնելու խնդրին, ոչ մի այլ բանի մասին խոսք այսօր չկա, չի կարող լինել, երևի թե չի էլ եղել, պարզապես նախկինում այդ տեղային բռնկումները չկային, ուստի համանախագահները ժամանակ ունեին զբաղվել մեծահոգությամբ՝ կազմակերպելով մեծ կարգավորում։ Իսկ ներկայումս Մինսկի խումբը դրանով զբաղվելու ժամանակ չունի, քանի որ վերջին շրջանում անընդհատ կա բախումների վտանգ, նրանք այլևս ռոմանտիկայի ժամանակ չունեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: