Բաժիններ՝

«Միգուցե շուկայում գների տատանումներն ա՞յլ օրենքների են ենթարկվում, օրինակ` նախընտրական». Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց ամիսներ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մենաշնորհի վերաբերյալ, որ եթե այն ձևավորվում է օրինական մրցակցության արդյունքում, վատ չէ: Սակայն, ինչպես նշեց Զուրաբյանը, բենզինի գինը, որ նվազել էր, հիմա նորից բարձրացել է, Հայաստանը կորցրել է անգամ մրցունակությունը սրտի վիրահատությունների ոլորտում:

«Դուք չեք համարո՞ւմ, որ համակարգային պայքար պետք է տարվի մենաշնորհների դեմ»,- հարցրեց Լ.Զուրաբյանը:

Վարչապետն ուղղեց պատգամավորին՝ ասելով, որ խոսքը եղել է գերիշխող դիրքերի և ոչ թե մենաշնորհների մասին ու հայտարարեց, որ գերիշխող տնտեսվարողների դեմ պայքարի տարբերակներ կան` դիրքի չարաշահումների դեպքում: Ըստ նրա`եթե որևէ ոլորտում Վրաստանն ավելի մրցունակ է, մեր տնտեսվարողները պետք է փոխվեն. «Շուկայի բաց լինելը բերելու է նրան, որ բիզնեսով զբաղվողն ինքն իր համար որոշելու է, թե ինչպես անել»:

Բենզինի գնի վերաբերյալ Կ.Կարապետյանը նշեց, որ եթե միջազգային գներն աճում են, ապա անհնար է մեզ մոտ դրանք չաճեն: Նրա խոսքով` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել էր, որ բենզինի միջազգային գինը 20% է աճել, մեզ մոտ` 9%, Վրաստանում` ավելի:

«Մենք որևէ լծակ չունենք շուկայի գնի դեմ պայքարելու, բացի այն, որ դաշտը մաքսիմալ մրցունակ անենք»,- ասաց վարչապետը:

«Բայց միգուցե շուկայում գների տատանումներն ա՞յլ օրենքների են ենթարկվում, օրինակ` նախընտրական, քանի որ մարդիկ, որ մենաշնորհի տեր են, հիմա ստեղծում են այն փողը, որ գնեն ձայներ և ապահովեն իրենց տեղը խորհրդարանում` մեր ժողովրդին կեղեքելու համար»,- հարցրեց Լ.Զուրաբյանը:

«Եթե դուք կասկածում եք, որ սա նախընտրական է, ապա նույն տրամաբանությամբ եթե ուզում ենք որևէ մեկի սիրտը շահել, ապա մեզ ձեռ չի տալիս, որ բենզինի գինը թանկանա: Որ պետք է համակարգայի՞ն տնտեսության մեջ մոտենալ, ապա` այո, միշտ»,- պատասխանեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս