Բաժիններ՝

Պրեմիերա՝ հանուն «Դբա լավ»-ի

Եթե հակիրճ ամփոփենք երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած երեք կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերան, որի մուտքը, ի դեպ, ազատ էր, ապա ստացվում է, որ եռանդով և մտահղացումներով լի երկու երիտասարդ որոշել են լայն հանրությանը ցուցադրել իրենց կատարած աշխատանքը, որպեսզի հայտնեն նկարահանվելիք նոր՝ «Դբա լավը» նախագծի մասին:

Նախագիծը, սակայն, իրականություն դարձնելու համար երիտասարդներին աջակցություն է պետք: Ֆիլմերի ցուցադրությունից առաջ նրանք՝ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանն ու պրոդյուսեր Ռուբեն Սահակյանը, դիմեցին դահլիճում ներկա հանդիսատեսին:

«Մենք սկսում ենք լիամետրաժ ֆիլմ՝ երկու լոռեցի տղաների մասին, որոնց կոկորդը թասիբով է լցված: Նրանք վրեժ լուծելու, պատիվը վերականգնելու համար հասնում են մինչև Մոսկվա: Ճանապարհին հանդիպում են մեծ դժվարությունների, արգելքների, որոնք հաղթահարում են տղամարդավարի: Ֆիլմի հերոսները գյուղացու այն տեսակն են ներկայացնում, որն այսօր կամ մոռացված է, կամ արհամարհված: Նախագիծը սկսել ենք շատ դժվար պայմաններում: Մոսկվայում ամեն ինչ պատրաստ է նկարահանումները սկսելու համար, իսկ Հայաստանում դեռ համագործակիցներ ենք փնտրում»,- նշեց Ա. Շերմազանյանը: «Յուրաքանչյուր տեսակի օգնություն շատ օգտակար կլինի մեզ համար: Մեծ ասելիք և հեռանկարներ ունենք այս ֆիլմով»,- հավելեց Ռ. Սահակյանը:

Նախքան դիտումը մենք զրուցեցինք 3 կարճամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր և «Դբա լավը» ֆիլմի պրոդյուսեր և երկրորդ ռեժիսոր Ռ. Սահակյանի հետ:

«Ցուցադրելու ենք 3 կարճամետրաժ ֆիլմ, որից երկուսը՝ «8 մի գողացիր», «Ամնեզիա» կրիմինալ կոմեդիաներն են, երրորդը՝ «Աղ ու հացն» է՝ դրամա: «Աղ ու հաց» ֆիլմը նկարահանվել է Լոռիում, գլխավոր դերակատարներն են Խորեն և Արսեն Լևոնյանները և նկարիչ Սամվել Սևադան: Ֆիլմերի դիտումից հետո մենք կներկայացնենք մեր նոր նախագիծը, որն իրենից ներկայացնում է լիամետրաժ ֆիլմ՝ «Դբա լավը» վերնագրով: Մենք սկսում ենք նկարահանումները 4 օրից: Նկարահանելու ենք Տավուշի մարզում, Թիֆլիսում և Մոսկվայում: Այն լինելու է կրիմինալ կոմեդիա ժանրի մեջ: Այն լինելու է մեր առաջին լիամետրաժ ֆիլմը»,- ասաց Ռուբենը:

Մեր հարցին, թե՝ որքա՞ն է կազմել կարճամետրաժների բյուջեն, Ռուբենը պատասխանեց. «Ֆիլմերի բյուջեն դեռ գաղտնի է պահվում, սակայն ասեմ, որ նկարահանումները բավականին բարդ են եղել: Նկարահանման սկզբից մինչ ֆիլմերի էկրանին հայտնվելը տևել է մեկ ու կես տարի: Մենք երիտասարդ ենք, նոր ենք այս ոլորտում և նախքան ֆիլմի դիտումը կխնդրենք հանդիսատեսին, որ մեզ խիստ չդատեն»:

Քրիստինե Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս