«Ես չեմ կարողանում շտաբ գտնել․ տեղերն ազատ են, բայց չեն տալիս»․ Անահիտ Բախշյան

«Ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ ես շատ լուրջ մտահոգություն ունեմ, որովհետև անձամբ ես՝ որպես Մալաթիա, Շենգավիթ համայնքում «Ազատ դեմոկրատների» վարկանշային ցուցակի անդամ, չեմ կարողանում շտաբ գտնել, տեղերն ազատ են, բայց չեն տալիս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարկանիշային ցուցակով Մալաթիա, Շենգավիթ համայնքում պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը։

Իսկ թե ի՞նչ պատճառաբանություններ են տալիս տարածք չտրամադրելու համար, Անահիտ Բախշյանը պարզաբանեց․

«Հարցնում են՝ ո՞ր կուսակցությունից եմ, ու իմանալով, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընդդիմություն է՝ մերժում են։ Մեկը, հենց հմացավ, որ ընդդիմադիր կուսակցություն  է, ասաց՝  «Չէ՛, չէ՛, չէ՛, ես հանրապետական եմ, ես երկու պարանի վրա չեմ խաղում»։ Ասացի՝ ամբողջ Հայաստանը 12 պարանի վրա է խաղում, դու էլ երկուսի վրա խաղա։ Ասաց՝ «չէ՛, խոսք եմ տվել, չեմ տա»։ Մյուսն ասաց. «Հագուստի խանութ եմ բացում, չեմ տա»։ Բայց մոտակա մի ամսում հաստատ չի բացի»։

Ի՞նչ է անելու Անահիտ Բախշյանն այս պարագայում․

«Իշխանությանը ցույց եմ տալու, որ առանց շտաբի, առանց իրենց կեղտոտ քայլերի՝ մենք մեր գործն անելու ենք։ Կարծում եմ՝ ժողովուրդը մեզ ավելի է վստահելու, քան շտաբներ ունեցողներին»։

«Հերթական այս ընտրություններն առաջացնում են հերթական անխուսափելի պառակտումները։ Կա մի նոր տեսակի պառակտում․ երեկ լսեցի, որ մի գյուղում կա 8 թեկնածու Հանրապետական կուսակցությունից,  և այս ընտանիքների անդամներն իրար դեմ լարված են։ Սա շատ վտանգավոր երևույթ է։ Տա Աստված՝ խաղաղ անցնի, ոչ մեկի մազը չծռվի»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Անդրադառնալով ընտրակաշառքներին՝ Անահիտ Բախշյանն ասաց․

«Ընդհանրապես չի կարելի ձայնը ծախել: Ձայնը ծախել՝ նշանակում է՝ քեզ ծախել, այսինքն՝  արժանապատվություն չունենալ։ Մարդը իրեն պիտի հարգի»։

Ասուլիսի մյուս բանախոս, երգահան Եղիշե Պետրոսյանը նույնպես խոսեց ընտրակաշառքների մասին․

«Բոլորդ էլ գիտեք, որ մեր ազգը հայտնի է եղել՝ որպես շատ լուրջ կոմունիկացիոն ազգ, տարբեր պետությունների միջև շատ լուրջ առևտրական խոշոր աշխատանքներ է կազմակերպել, այսինքն՝  սա նշանակում է, որ վայելել է մեծ վստահություն, բայց ո՞նց է լինում, որ այս հզոր ազգը դարձել է չարչի։ Այս հրաշալի որակները եկել-հասել են ընտրակաշառքի մակարդակի։ Մեզ սա պատիվ չի բերում»։

«Այնուամենայնիվ, վստահ ենք մեր ժողովրդի ողջամտությանը։ Ժողովուրդն ուշքի կգա, թափ կտա իրեն ու կասի՝ «հերիք ու բոլ է։ Դո՛ւ, իշխանությո՛ւն, արժանի չես իմ ձայնին»։ Մեր հասարակության քաղաքացին դեռ  չի հասկանում՝ ինչքան կարևոր է իր ձայնը։ Ժողովուրդը պետք է չափազանց բարձր գնահատի իր ձայնը»,- նշեց Անահիտ Բախշյանը։

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս