Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել անօթևաններին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել այն հանդեսին, որն ավելի քան երկու տասնամյակ «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կազմակերպության օգնությամբ թողարկում են անօթեւանները եւ տարածում փողոցներում:
Ինչպես հայտնել է Il Messaggero թերթը, քահանայապետը հորդորել է՝ կարիքավորներին չմերժել օգնության հարցում։
«Բնավ դյուրին չէ փորձել ուրիշի կոշիկները, որովհետեւ մենք բոլորս սեփական եսասիրության ստրուկներն ենք: Կարելի է ասել, որ մարդիկ նախընտրում են մտածել անձնական խնդիրների մասին՝ չցանկանալով նկատել ուրիշների դժվարություններն ու տառապանքները: Հագնել ուրիշի կոշիկները՝ նշանակում է կարողանալ ըմբռնել ու կարեկցել»,հրատարակությունը հարցազրույցից մեջբերել է քահանայապետի խոսքը:
Հռոմի պապը կարիքավորներին եւ անօթեւաններին կանոնավոր կերպով հրավիրում է իր ճաշկերույթին ու պատարագներին, այդ թվում՝ իր ծննդյան օրը, դրանով իսկ ցույց տալով իր հատուկ վերաբերմունքն ու հոգատարությունը նրանց նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: