«Միայն մեր պաշտպանական հնարավորությունների հզորացումը կարող է զսպել ադրբեջանական կողմի սանձարձակ քայլերը»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները պետք է ավելի հստակ դառնան:
«Դա հնարավորություն կտա բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալել, սակայն երբ շփման գծում լարվածություն և ուժի կիրառման սպառնալիք գոյություն ունի, բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Գ. Մինասյանը:
Նրա խոսքով` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականացրեց իր պարտականությունները՝ կազմակերպելով հակամարտող կողմերի հանդիպումներ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն, ցավոք, Ադրբեջանը չի ցանկանում իր նպաստը բերել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Գ. Մինասյանը նշեց նաև, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը առավել ամուր պաշտպանական համակարգերով զինել է առաջնագիծը, ինչի շնորհիվ հակառակորդի դիվերսիոն խմբերի ցանկացած ոտնձգություն միանգամից նկատվում է։
«Կարծում եմ, այս մոտեցումը շատ ավելի պետք է խորացվի, որովհետև բավական չէ ապավինել բացառապես միջազգային հանրության կոշտ արձագանքին։ Այդ հայտարարություններին Ադրբեջանն ականջալուր չի լինում։ Միայն մեր պաշտպանական հնարավորությունների հզորացումը կարող է զսպել ադրբեջանական կողմի սանձարձակ քայլերը»,- նշեց Գ. Մինասյանը։