Վրաստանի բանակը հրաժարվել է «Սու-25» գրոհիչ ինքնաթիռներից
Վրաստանի բանակը հրաժարվում է «Սու-25» գրոհիչ ինքնաթիռների հետագա շահագործումից և մտադիր է գումարները ներդնել անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների զարգացման մեջ։
Այս մասին «Արսենալի» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գեներալի խոսքով՝ այդ որոշումը մեծամասամբ պայմանավորված է ինքնաթիռների մասերի հետ կապված բարդություններով։
«Այդ ինքնաթիռների համար մասերի գլխավոր շուկան Ռուսաստանն է, այսինքն՝ դրանց մատչում չկա»,- ասել է Չաչիբայան։
«Սու-25»-ների ընթացիկ մարտական պատրաստականությունը նա բարձր չի գնահատել։
«Վերջին ժամանակներս թռիչքներ էր իրականացնում հազիվ մեկ ինքնաթիռ։ Մենք պահպանում էինք սարքերը, որոնք չէինք օգտագործում։ Դրանց վրա մեծ գումարներ էին ծախսվում բյուջեից»,- բացատրել է Չաչիբայան՝ չհայտնելով, թե քանի գրոհիչ ինքնաթիռ կա։
Բացի այդ՝ նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում այդ ինքնաթիռների կիրառությունը արդյունավետ չէ։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանի ագրեսիայի դեպքում մեր ավիացիան շանսեր չունի։ Հաշվի առնելով Աբխազիայի տարածքում և Սամաչաբլոյում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների տեղայակումը, բավական է 10 րոպե, որպեսզի թռիչքից հետո մեր ցանկացած թռչող սարք խոցվի»,- ասել է նա՝ շեշտելով, որ տվյալ իրավիճակում Վրաստանի ավիացիան պետք է շեշտը դնի անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների վրա։