«Կարող է՝ ասֆալտ քիչ եմ փռել». Վարդան Այվազյան

Կոտայքի մարզում առաջատարները Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են։ Այս մասին այսօր լրագրողների  հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրված Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ Կոտայքի մարզում ընտրությունների ընթացքը որոշված է, հանձնարարվել է 70 տոկոս ձայն հավաքել՝ հօգուտ ՀՀԿ-ի, 30 տոկոս՝ «Բարգավաճ Հայաստանի»։

«Մամուլի ոչ բոլոր հրապարակումներն են համապատասխանում իրականությանը»,- ասաց Վարդան Այվազյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ առաջատարները ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են։ Նա նշեց, որ դա երևում է նաև հարցումների, հանդիպումերի արդյունքում։ «Այն թվերը, որ դուք նշեցիք, իրականությանը չեն համապատասխանում։ Մի փոքր բարձրացված էր թե Հանրապետականինը, թե «Բարգավաճինը»։ Տոկոսները մի փոքր տարբեր էին»,- ասաց նա՝ նշելով, որ շանսեր ունեն նաև այլ ուժեր, բավական բան կփոխի նաև քարոզարշավը։

Նա նշեց, որ Կոտայքում ընտրապայքարը բնականոն հունով է ընթանում. «Պարզապես պետք է ցանկացած միջադեպի և ցանկացած պրոցեսի ըմբռնումով մոտենալ՝ նայած՝ ինչ խնդիրներ կան, և ըստ այդմ՝ նաև խուսափել նման հնարավոր միջադեպերից»։

Վարդան Այվազյանն ասաց, որ վերջին 10 տարում պատգամավոր է եղել, հստակ կարող է ասել, թե ինչ է արել այդ ընթացքում։ Նա ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել իր և Տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից՝ նշելով. «Սա իմ կատարած աշխատանքն է։ Կարող է՝ ասֆալտ քիչ եմ փռել՝ բառիս բուն իմաստով եմ ասում, բայց երբ մարդիկ ինձ հարցնում են՝ Ազգային ժողով գնում եք, ի՞նչ եք անում ամբողջ օրը, ես ձեզ ասում եմ՝ ինչ եմ ես անում։ Այսինքն՝ եթե հանրությունը, հասարակությունը կամ ընտրողը ցանկանում է, որ մյուսը լինի… մեծ սիրով։ Ո՞վ է ասել, թե մենք ծնվել ենք, որ վեչնի այնտեղ պիտի լինենք»։

Տեսանյութեր

Լրահոս