«Օհանյանի-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ցավակցում է մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մտերիմներին
«Օհանյանի-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ.
«Այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9-րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։
Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։
Մարտի 1-ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։
Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1-ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։
Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում»։