
Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն

Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը: Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Բացի այդ, նշվել է, որ լրագրողի ձերբակալությամբ թուրքգերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխում:
Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ:
Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է: